Վրաստանի կառավարությունը երրորդ ընթերցմամբ հաստատել է ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ինչի արդյունքում երկրի վարչապետը իրավունք է ստանում առաջադրվել խորրդարական ընտրություններում` առանց հրաժարական տալու: Փոփոխությանը կողմ է քվեարկել 79 պատգամավոր, փոփոխություններին դեմ են հանդես եկել ընդդիմադիրները, ովքեր մեղադրել են իշխանությանը այն բանում, որ փոփոխությունները հարմարեցվում են գործող վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Ինչպես հայտնի է դարձել, հենց գործող վարչապետն է լինելու «Վրացական երազանքի» ընտրական ցուցակում առաջինը: Իշխող կոալիցիան, սակայն, այսպիսի մոտեցումը նորմալ է համարում. «Երբ հաղթած քաղաքական թիմը Կառավարություն է ձևավորում, նորմալ մոտեցում է, որ վարչապետի համար պարտադիր չէ հրաժարական տալը` նախընտրական ցուցակը գլխավորելու կամ իր կուսակցությանն աջակցող միջոցառումներին մասնակցելու համար: Այդպես է ցանկացած ժողովրդավարական երկրում, այնպես որ մենք նոր բան չենք հնարել»,— ասել է Վրացական երազանքի պատգամավոր Էլիսո Չապիձեն:
Ըստ ընտրական օրենսգքրի փոփոխության` կուսակցության ցուցակներում ընդգրկված բոլոր նախարարները և Ազգային անվտանգության խորհրդի անդամները` բացի վարչապետից, պարտավոր են հրաժարական տալ, կուսակցության ընտրական ցուցակը` Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու հաջորդ օրը: