Վրաստանը մեծ սպասելիքներ ունի հուլիսի 8-9-ը Վարշավայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից: Այս մասին բարձրաձայնվել է հունիսի 22-ին Թբիլիսիի « Radisson Blu Iveria» հյուրանոցում կազմակերպված «ՆԱՏՕ-ի Վարշավայի վեհաժողով. `մարտահրավերներ և սպասելիքներ» խորագրով գիտաժողովում: Միջոցառումը նպատակ ունի Վրաստանի կառավարության, երկրում հավատարմագրված դիվանագետներին, միջազգային կազմակերպություններին ու փորձագետներին ներգրավվել վարշավյան գագաթաժողովի օրակարգային հարցերի քննարկմանը:
Վրաստանի պ աշտպանության նաախարար Թինաթին Խիդաշելին լրագրողների հետ ճեպազրույցում Վրաստանի համար կարևորեց գագաթաժողովի օրակարգում ընդգրկված երկու հարց. «Ինչպես հայտնի է Վարշավայի համաժողովում ՆԱՏՕ-ն ընդլայնվում է: Մյուս կարևոր հարցը վերաբերում է Եվրոպայի արևելյան հարևանության երկրների անվտանգության նոր քաղաքականության մշակմանը: Այս հարցում մեզ համար մեծ նշանակություն ունի ՆԱՏՕ- ի հզորացումը Սև ծովում, ինչը կնշանակի Վրաստանի անվտանգության մակարդակի բարձրացում: Մեր պահանջներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ի ռազմական նավերը կանոնավոր կերպով այցեր կատարեն Վրաստան: Այլ կերպ ասած` Վրաստանի նավահանգիստները պետք է ընկալվեն որպես ՆԱՏՕ- ի անդամ երկրների նավահանգիստներ»:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագրին (MAP- Membership Action Plan ) Խիդաշելին նշեց, որ Վրաստանը դրա կարիքն արդեն չունի` պարզաբանելով, որ այն այլևս փուլ չէ անդամակցության հասնելու համար:
«Վարշավայի գագաթաժողվին մենք կստանանք մեզ համար շատ կարևոր ճանաչում, ինչի կարիքը ունենք` անդամակցության ճանապարհին հաջողություններ գրանցելու հարցում: Մենք անդամ երկրներից կստանանք ինչպես գործնական, այնպես էլ քաղաքական բնույթի աջակցություն , ինչը կնպաստի անվտանգության ամրապնդմանը մեր երկրում»,-նշեց Եվրաինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն:
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Վասիլ Սիխարուլեձեն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու նապտակով անհրաժեշտ է ամրապնդել երկրի պաշտպանունակությունը.
«Վարշավայի վեհաժողովը 2016 թ.Եվրոպայի անվտանգության համար կարևոր նշանակության հանդիպում է: Սա Ուելսի համաժողովի շարունակությունը կարելի է համարել: Ակնհայտ է, որ Եվրոպայի անվտանգության ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանն ու նրա վարած արտաքին քաղաքականությունն է: Այդ պատճառով ՆԱՏՕ -ն գործում է երկու հիմնական ուղղություններով: Առաջին հերթին այն փորձում է պահպանել անվտանգության երաշխիքների ամրապնդումն ադամ երկրների միջև, իսկ երկրորդը վերաբերում է ոչ անդամ պետություններին և ՆԱՏՕ-ի կողմից նրանց պաշտապանությանը: Մեր ռազմավարական նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն է և այդ նպատակին հասնելու համար մեր այսօրվա անելիքներից մեկը պաշտպանունակության մակարդակի բարձրացումն է»:
Ինչ վերաբերում է Սև ծովում անվտանգության մակարդակի բարձրացմանը, նախկին նախարարը հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել և առաջարկեց սպասել իրադարձությունների զարգացմանը:
Վրաստանի Ռազմավարության և միջազգային հարաբերությունների հետազոտտության հիմնադրամի ավագ փորձագետ Նոդար Խարշիլաձեն էլ նշեց. «Քաղաքական տեսանկյունից մեծ առաջընթաց չենք ունենա. խոսքը գնում է 2 նոր փաթեթների մասին: Առաջինն այն է, որ հնարավոր է համագործակցության հավելյալ հնարավորություններ տրվեն, ինչը Վրաստանին ավելի կմոտեցնի Հյուսիսատլանտյան դաշինքին: Երկրորդ փաթեթը նոր նախաձեռնությունն է, որը կապված է ՆԱՏՕ-ի աջակցությամբ Սև ծովում անվտանգության ավելացմանը: Առայժմ պարզ չէ` ինչպիսին կլինի ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովում. կլինի դա մշտական, թե կկրի ժամանակավոր վերահսկողության բնույթ»: