Աֆրիկացի ուսանողների և Դիդի Դիղոմի թաղամասի բնակիչների միջև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի առաջարկով ֆուտբոլային հանդիպում անցկացվեց: Հանդիպումն անցավ «Խաղ բոլորի համար» կարգախոսի ներքո, նույն Բելիաշվիլի փողոցի մարզադաշտում, ուր օրեր առաջ ծեծկռտուք էր եղել: Մարզաշապիկները ևս կրում էին հավասար խաղ կարգախոսը: Բացի Կախա Կալաձեից, դաշտում էին իշխող թիմի ներկայացուցիչներ՝ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն, սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) պատգամավորներ: Հանդիպումը կազմակերպվել էր Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:
«Այն, ինչ օրեր առաջ տեղի էր ունեցել, վատ է, այսօր ես ուրախ եմ, որ Ֆուտբոլի ֆեդերացիան աջակցեց մեր նախաձեռնությանը, արձագանքեցին տեղի բնակիչները և այն տղաները, որոնց մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել: Այսօր մենք խաղացինք, և ես ուրախ եմ, որ սպորտը, ֆուտբոլը համախմբում են»,-ասաց քաղաքապետ Կախա Կալաձեն, ով նախ խաղում էր աֆրիկացի ուսանողների թիմի կազմում, ապա տեղափոխվեց մյուս թիմ:
Կալաձեի հետ համամիտ է նաև խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Նա ասաց, որ 3 տարի Գերմանիայում ուսանելուց հետո լավ է հասկանում՝ որքան կարևոր է, երբ քեզ հետ շփվող մարդիկ հանդուրժող են: Կոբախիձեն ասում է՝ հյուրընկալությունը մեր առանձնահատկությունն է:
Հիշեցնենք՝ վեճը տեղի էր ունեցել ապրիլի ութին: Նիգերիացի ուսանողների կողմից համացանցում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես են տեղի բնակիչները՝ 40-ն անց տղամարդիկ, ծեծելով ու վիրավորելով մարզադաշտից վռնդում սևամորթ երիտասարդների խմբին՝ մոտ տասը հոգու: Տեղի բնակիչներից մի քանիսն ասել են, թե վեճը սկսվել է այն պատճառով, որ աֆրիկացիները շատ երկար են խաղացել մարզադաշտում՝ թույլ չտալով բակի երեխաներին խաղալ: Սակայն ուսանողները համոզված են, որ իրենց վռնդել են մաշկի գույնի պատճառով:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը փաստի առթիվ քննություն է սկսել քրեական օրենսգրքի՝ բռնություն հոդվածի հատկանիշներով: Աֆրիկացի ուսանողների փաստաբանը, սակայն, պահանջում է, որ հոդվածը փոխարինվի ռասսայական խտրականություն հոդվածով: Սրա հետ համամիտ են նաև մի շարք հասարակական կազմակերպություններ: