Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն այսօր արտահերթ զեկույցով հանդես կգա, որից էլ պարզ կլինի, թե ինչ հանգուցալուծում կունենա իշխող թիմում առկա ճգնաժամը:
Իշխող թիմի ներկայացուցիչները մի քանի օր փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեներին։
Խորհրդարանի խոսնակին ընդդիմացող անդամների կարծիքով կուսակցությունը ոչ մեկի սեփականությունը չէ: «Վրացական երազանք»-ի անդամ Դավիթ Ճիճինաձեն հայտարարել է, թե «Վրացական երազանք» կուսակցության համագումարում, անպայման, պետք է նոր ընտրություններ անցկացվեն։
«Որևէ մեկը չպետք է մտածի, թե «Վրացական երազանքը» ինչ-որ մեկի սեփականությունն է: Սա վրաց ժողովրդի ընտրության արդյունքում իշխանության գլուխ եկած կուսակցություն է, և կուսակցության ցանկացած անդամ, ցանկացած պատգամավոր իր ներդրումն ունի այստեղ»,- հայտարարել է Ճիճինաձեն: