«Ալիք մեդիա»-ի այս վերլուծական հոդվածաշարով անդրադառնում ենք 30 տարի առաջ խորհրդային Վրաստանում` ԽՍՀՄ-ից անկախանալու նպատակով տեղի ունեցող գործընթացներին: Ի՞նչ հույսեր ունեին այդ շրջանի շարժման ղեկավարները, ինչպե՞ս էին ընկալում ժողովրդավարությունն ու ի՞նչ էին մտածում ազատ շուկայական տնտեսության եւ նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ: Հոդվածաշարը գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեինն է, ով 80-ականների վերջերին հանդիսացել է ուսանողական շարժման առաջնորդներից: Հոդվածաշարի առաջին և երկրորդ մասերին կարող եք ծանոթանալ նշված հղումով:
1987 թվականի վերջից Վրաստանում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալեց խորհրդային այլախոհներից կազմված «Իլիա Ճավճավաձեի հասարակություն» ոչ ֆորմալ խումբը: Սկզբից ևեթ այս կազմակերպությունում էին Գուլագից նոր ազատված Մերաբ Կոստավան, Թամար Չխեիձեն, Ջումբեր Կոպալիանին, Գիա Ճանտուրիան, Նանա Կակաբաձեն և վերջում արդեն նաև Զվիադ Գամսախուրդիան: Թե այս ոչ ֆորմալ խմբի միասնականությունը որքան երկար տևեց դա առանձին խոսակցության թեմա է, սակայն փաստ է, որ խորհրդային իշխանություններն անհանգստացան այս գործընթացից եւ արագ կերպով փորձեց հակակշիռ ձեւավորել այս կազմակերպությանը «լիբերալ այլընտրանքով», որն աջակցում էր «պերեստրոյկայի» հիմնական կետերին: Հարկ է նշել, որ այստեղ կային նաեւ ռեֆորմատորական թևի ներկայացուցիչներ, ովքեր կոմունիստական կուսակցության հանդեպ կառուցողական քննադատությունից զերծ չէին մնում:
Այդ ժամանակ Վրաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը Ջումբեր «Իլյիչ» Պատիաշվիլին էր: Շևարդնաձեն արդեն երկար ժամանակ էր ինչ Մոսկվայում էր` ԽՍՀՄ արտգործնախարարի կարգավիճակում: Պատիաշվիլիի գլխավորած առանցքային կառույցներից մեկի անդամը Նուգզար Փոփխվաձեն էր: Պատիաշվիլին-Փոփխվաձե զույգը որոշեց «Իլիա Ճավճավաձեի հասարակության»-ն այլընտրանք ստեղծել` «Ռուսթավելիի հասարակություն» անվանումով կառույցի միջոցով: 1988 թվականի մարտին հրավիրեցին «Ռուսթավելիի հասարակության» արտակարգ համագումար, որտեղ գործիչների հետաքրքիր խառնուրդ կար. համեմատաբար լիբերալ նոմենկլարուրայի, Կոմկուսի «ռեֆորմատորների» թևը, ինչպես նաեւ այնպիսի ազատ մարդիկ, ինչպիսիք են պարոն Ակակի Բաքրաձեն, Ռևազ Ջափարիձեն, Նոդար Ծուլիեսկիրին և այլոք: Երիտասարդությունից հրավիրել էին Զուրաբ Ժվանիային, Գիո Մգելաձեին, Լևան Վասաձեին, Գիորգի Մարգվելաշվիլիին, Էլիզբար Մուջիրիին, Ստեփանե Կալարջիշվիլիին, Դաթո Գամկղրելիձեին և այլոց: Դաթո Տուրաշվիլին, Թեդո Իսակաձեն, Փիքրիա Չիխրաձեն, Նիկո Նիկոլոզիշվիլին և և նրանց ընկերները արդեն իսկ համալսարանում «Մամուլի ակումբ» էին հիմնել և այդ պատճառով նրանք չմասնակցեցին հիմնադիր համագումարին: Ի վերջո, «Ռուսթավելիի հասարակության» ղեկավար ընտրեցին բանաստեղծ, ակադեմիկոս Իրակլի Աբաշիձեին, իսկ նրա տեղակալներ Ռեզու Ամաշուկելիին, Սոսո Ցիսկարիշվիլիին և մի կնոջ: Խորհրդի անդամներն էին Կոտե Գաբաշվիլին, Ակակի Բաքրաձեն, Ուչա Կվարացխելիան, Անդրիա Ափաքիձեն և շատ այլ հայտնի արվեստագետներ և գիտնականներ:
Խորհրդային այլախոհական շարժման էնիգման շատ հետաքրքիր երևույթ էր նաև սոցիոլոգիական տեսանկյունից: Մի կողմից, սա հիմնականում, մարդասիրական` չնայած մարգինալ խումբ էր, որը ժամանակ առ ժամանակ ծիծաղելի էր դիտվում, մյուս կողմից գոյություն ունեցող ամբողջատիրական հասարակությունում ճշմարտության այնպիսի դեֆիցիտ կար, որ արդեն էլեմենտար տրուիզմի մասին խոսելը մարդուն մեծագույն լեգիտիմություն էր տալիս: Եվ եթե դրան ավելանում էր մի փոքր խարիզմա, գործ ունեինք քաղաքական լուրջ առաջնորդի հետ: Մերաբ Կոստավան ուներ նշված բոլոր հատկանիշները եւ նա, կարելի է ասել, որ 1988 թվականին Վրաստանում ազգային-ազատագրական շարժման համախմբող ուժն ու առաջնորդն էր: Նրա շուրջ կային տարբեր խելացի և խարիզմատիկ առաջնորդներ` առաջին հերթին Զվիադ Գամսախուրդիան, ով կրթությունից զատ վրացիների համար ավանդական ընդունելի «ընտանիքի որդի» էր, ինչ խոսք բարետես արտաքինը նույնպես չէր խանգարում: Նաև Թամար Չխեիձեն, ով «Երիտասարդ հերոսի» կոչում ուներ դեռևս երեխա
ժամանակներից, երբ բացահայատ ընդդիմության շարքերն անցան հայրն ու նրան դաստիարակած ողջ էլիտիստական «մտավորականությունը»: Առանձին ֆիգուրներ էին համարվում խարիզմատիկ երիտասարդ այլախոհ Գիա Ճանտուրիան` որին հաճախ անվանում էին Զվիադ Գամսախուրդիայի երիտասարդ տարբերակը, Իրակլի Ծերեթելին, ով առաջինը խոսեց Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի մասին:
1988 թվականի նոյեմբերի ցույցերի ժամանակ մեկը մյուսի ետեւից հայտնի դարձան մի շարք նոր գործիչներ: Դրանց թվում էին երիտասարդ այլախոհ-փիլիսոփա Իրակլի Բաթիաշվիլին, իր իմաստությամբ և զսպվածությամբ աչքի ընկած երիտասարդ առաջնորդ Զուրաբ Ճավճավաձեն, քայլող քաղաքական հանրագիտարան Իրակլի Շենգելիան և շատ այլ ինտելեկտուալներ: Բացի այս, այն ժամանակվա այլախոհական մտավորականության կարևոր մաս էին ներկայացնում նաև Նոդար Նաթաձեն, Մերաբ Մամարդաշվիլին, Նաիրա Գելաշվիլին, Իզա Օրջոնիկիձեն, Լուիզա Շակիաշվիլին և այլոք: Խորհրդային և վրացական այլախոհական շարժումներին առանձնահատկությունն այն էր, որ այնտեղ հիմնականում հասարակագետներն էին գերակշռում: Դրանք մարդիկ էին, ովքեր լավատեղյակ էին պատմությունից, պոեզիայից, արվեստից, հաճախ նաև` փիլիսոփայությունից: Այդ իսկ պատճառով այս մարդկանց հետ ժամանակ անցկացնելը հաճախ հետաքրքիր էր և նաև շատ օգտակար երիտասարդների կրթության տեսանկյունից: Իհարկե, ամեն ինչ երկու կողմ ունի` հումանիտարները տարբերվում էին զգացմունքայնությամբ և տարերայնությամբ եւ այս հատկությունները քաղաքականությունում կարող էին վտանգավոր ազդեցություն ունենալ:
Ի տարբերություն տեխնոկրատների, այս մարդիկ անկանխատեսելի որոշումներ հաճախ էին ընդունում և ստեղծագործական անվերջ էներգիա ունեին: Սա նույնպես շատ կարևոր փաստ էր: 1988 թվականի գարնանը կոնկրետ մարդկանց բնակարաններում արդեն գաղտնի հանդիպումներ սկսեցին: Այս հանդիպումները հատուկ հեղափոխական ռոմանտիզմ ունեին և հատկապես երիտասարդները ուրախությամբ եւ մեծ ոգեւորությամբ էին դրանց մասնակցում: Իհարկե, խորհրդային անվտանգությունը այս հանդիպումներն իր ուշադրության կենտրոնում էր պահում, սակայն, չնայած դրան, երիտասարդները մեծ հետաքրքրությամբ շարունակում էին մասնակցել դրանց:
1988 թվականին օրակարգում մի քանի հիմնական հարց էր դրված. Դավիթ Գարեջայի վանական համալիրի տարածքում խորհրդային բանակի վարժանքներն ու պայթյունները, Խոդոյի ՀԷԿ-ի կառուցման վտանգները և ընդհանուր ժողովրդավարության մակարդակը երկրում: Սեպտեմբերին ուսանողները վերադարձան քաղաք և ապա օլիմպիադայի ավարտից հետո սկսվեցին ինտենսիվ բողոքի ցույցեր: Ակնհայտ էր դառնում, որ ինքնության քաղաքականությունը շախմատի տախտակի վրա հիմնական տեղն էր զբաղեցնում:
1988 թվականը կարող ենք համարել ինքնության քաղաքականության մեկնարկի շրջանը: Այս քաղաքականությունը արդեն 30 տարի է շարունակում է դոմինանտ դիսկուրսը լինել ոչ միայն Վրաստանում, այլեւ ամբողջ Հարավային Կովկասում:
Հեղինակ` Իրակլի Կակաբաձե