Ռուսաստանի դաշնության կազմի մեջ մտնող Կարելիայի ինքնավար հանրապետությունում հունիսի 20-ը սգո օր է հայտարարվել` ի հիշատակ Սյամոզերո լճում խեղդված երեխաների:
Ռուսական «НТВ» լրատվականը հաղորդում է, որ լճում խեղդվածների թիվը հասել է 14-ի, որոնցից 13-ը` երեխաներ են: Բոլոր մահացածների մարմինները հանվել են ջրից: Հիշեցնենք` նախօրեին Պարկ օտել սյամոզերո ճամբարում հանգստացող 47 երեխա, 4 մեծահասակների ուղեկցությամբ ջրային զբոսանքի են դուրս եկել` անտեսելով եղանակային անբարենպաստ պայմանները, մասնավորապես` սպասվող փոթորկի մասին զգուշացումները: Ուժեղ քամու հետևանքով բոլոր 3 նավակները շրջվել և խորտակվել են: Այս պահին հայնտի է բոլոր ուղևորների ճակատագիրը:
Տասս գործակալության տվյալներով` 36 մարդ չի տուժել, նրանք ինքնուրույն ափ են հասել: Եւս 11 մարդ, այդ թվում 9 երեխա, ափ են հանվել փրկարար ծառայությունների կողմից: Անհետ կորած համարվող ևս մեկ երեխա ավելի ուշ կենդանի է գտնվել: Մահացած 14 երեխաներից ամենամեծն ընդամնեը 14 տարեկան էր: Նրանք բոլորը Կարելիա էին ժամանել Մոսկվայից:
Ռուսական լրատվամիջոցները լուր են տարածել, որ Սյամոզերո ճամբարում հանգստացող երեխաների ծնողները բազմիցս բողոքել են ճամբարի պայմաններից, ընկերությունը հաղթել էր Մոսկվայի սոցապահովության դեպարտամենտի հայտարարած` Կարելիայում մանկական հանգստի կազմակերպման մրցույթը: Այժմ իրավապահները որոնում են ճամբարի երկու կազմակերպիչներին: