Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Սուրբ Հարության տոնի նախաշեմին 64 դատապարտյալի համաներում է շնորհել։ Այս մասին այսօր տեղեկացրել է համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն։
«64 դատապարտյալներից քրեակատարողական հիմնարկը կլքեն 41-ը: Տարբեր ժամանակահատվածով կրճատվել է 23 դատապարտյալի պատժաժամկետը: Համաներում ստացածներից 3-ը կին են, մեկը՝ անչափահաս: Կանանցից մեկն այսօր կլքի մեկուսարանը, իսկ երկուսի պատժաժամկետը կրճատվել է: Ինչ վերաբերում է անչափահասին, նրա պատիժը նույնպես մեղմացվել է»,- ասել է Քորիձեն՝ հավելելով, որ համաներման հանձնաժողովը մարտի 28-ից 29-ն է աշխատել, որի ընթացքում 335 գործ է քննարկել: