Վրաստանի կառավարությունը հարկային նոր փոփոխություններով է հանդես եկել: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է երեք նոր նախաձեռնությունների մասին, որոնք կբարձրացնեն երկրի տնտեսական ակտիվությունը:
«Ինչպես գիտեք, վերջերս ֆինանսների նախարարությունը ներկայացրել է շատ կարեւոր նախաձեռնություններ, որոնք հինգ անգամ կրճատում են հարկային բեռը փոքր ձեռնարկատերերի համար. սա հարկերի ազատականացման աննախադեպ քայլ էր: Այսօր ես ուզում եմ ներկայացնել նոր փոփոխություններ, որոնք հերթական կարևոր քայլն են», — ասել է Կվիրիկաշվիլին:
Կառավարության նախաձեռնությամբ՝ գործարարներն առաջիկայում կազատվեն ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից եւ հարկային հինգ փաստաթղթերի փոխարեն կշրջանառվի մեկը։ Նախատեսվում է նաև ավելացնել Վրաստանի տնտեսական աճը, հատկապես ցածր եկամուտ ունեցող տարածքներում։
«Տեղական արտադրանքի քանակն ավելացնելու նպատակով, մենք պարզեցրել ենք նաև տեղական ձեռնարկատերերի աշխատանքները։ Ինչ վերաբերում է երրորդ նախաձեռնությանը, ապա այդպիսով Վրաստանից դուրս բնակվող անձինք կկարողանան իրենց ընկերությունները գրանցել առցանց և ղեկավարել դրանք հեռվից»,-բացատրել է վարչապետը։