«Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ «Ժողովուրդը Բիձինա Իվանիշվիլիի դեմ» խորագրով արշավ են սկսում:
Վաշաձեի խոսքերով, քաղաքական կուսակցություններից կազմված «Դմանիսիի փրկության հիմնադրամ»-ը կմասնակցի ևս մեկ աճուրդի և կփորձի Ֆինանսների նախարարության ծառայության գործակալության կողմից աճուրդի հանված 7 հազար լարի արժողությամբ ծառ գնել:
«Ժողովուրդը Բիձինա Իվանիշվիլիի դեմ» արշավ ենք սկսում: Ամենուր, որտեղ կտեսնենք Իվանիշվիլիի շահը, կմասնակցենք բոլոր աճուրդներին և մրցույթներին, որպեսզի ցույց տանք նրա իրական դեմքը և այն, թե ինչպես է մի ամբողջ պետական համակարգը աշխատում մեկ մարդու շահերի համար»,- հայտարարել է Վաշաձեն:
Նշենք, որ Վաշաձեն օրեր առաջ հաղթեց աճուրդում, որտեղ ոսկու արդյունաբերությամբ զբաղվող RMG կազմակերպությանը թույլ չտրվեց հանքի հարակից տարածքում 15 հազար լարիով 16 հեկտար հողատարածք գնել: Նշված կազմակերպությունը կապ ունի Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: 15 հազար լարիով աճուրդի հանված հողատարածքը վերջում վաճառվեց ավելի քան 5 միլիոն լարիով, որը գնեց Վաշաձեն և հիմա 45 օրվա ընթացքում նա պետք է հավաքի նշված գումարը, որպեսզի հողատարածքը դառնա իր սեփականությունը: Վաշաձեի հույսը շարքային քաղաքացիների աջակցությունն է: