Աջարիայի բարձր լեռնային Խուլոյի շրջանի Ծալբանա գյուղի բնակիչներն, ովքեր սողանքի պատճառով կորցրել են տները, Բաթումի քաղաքում բնակարաններ կստանան: Այս մասին տեղեկություն է տարածել Աջարիայի առողջապահության նախարարությունը: Էկոմիգրանտները՝ 208 ընտանիք, բնակարաններ կստանան Տաբիձե փողոցի 16 հարկանի շենքում: Նույն շենքում բնակարաններ կունենան նաև 164 փաստական ընտանիքներ՝ Աբխազիայից բռնի տեղահանվածներ, ովքեր գրանցված են Աջարիայում:
Ըստ նախարարության տեղեկատվության՝ շենքի կառուցման համար բյուջեից 9 մլն լարի է հատկացվել, աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը: Բնակարան ստացողները պետք է գրանցում անցնեն Բաթումիի Աղմաշենեբելի 19 հասցեում: Այսօրվա դրությամբ Վրաստանում ապրում է 267 հազար բռնի տեղահանված՝ Աբխազիայից և Ցխինվալիից:
Վրաստանում գործում է բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու չորս տարբերակ։ Պետությունը բնակարաններ է ձեռք բերում նրանց համար, կառուցում է բազմաբնակարան շենքեր, եթե տեղահանվածները բնակելի տարածք են զբաղեցնում, որը հաշվառված է պետության բալանսում, պետության կողմից օրինականացվում է, իսկ եթե տեղահանվածներն ապրում են սեփականություն հանդիսացող տարածքներում, պետությունն այդ տարածքները գնում է սեփականատերերից, դրանք տեղահանվածներին հանձնելու նպատակով: