Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը Թբիլիսիի ծայրամասային «Աֆրիկա» կոչվող վայրում գտնվող գերեզմանատնից կադրեր էր հրապարակել: Հեռուստաընկերության տեսանյութում նշված թաղամասի բնակիչների կողմից արված լուսանկարներ են: Բնակիչները վստահեցնում են, որ թափառող շները փորում-հանում են մահացածների մարմինների մնացորդները: Նախօրեին թաղամասի բազմաբնակարան շենքի բնակիչները ոստիկանություն էին կանչել այն բանից հետո, որ բակում մարդու ոտք էին գտել: ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասնելը ստանդարտ հոդվածով, սակայն քննության ընթացքում հոդվածը փոխվելու է: Տեղի բնակիչներից մեկն ասել է, որ սա առաջին նման դեպքը չէ, նախկինում ևս շները մարդկային մարմինների մասեր են քարշ տվել: Ասում են՝ պատճառն այն է, որ մահացածին խորը չեն հուղարկավորում: Հայտնի է, որ գերեզմանատան հարակից տարածքը պատկանում է «Հերմես» ընկերությանը, ուր թաղվում են բժշկական կենտրոններից ստացված՝ հեռացված մարմնի մասերը:
Բացի այս, նշված գերեզմանոցում նաև առանց հարազատների մնացածները և անտուններն են թաղվում, ծախսերը հոգում է քաղաքապետարանը: «Հերմես» ընկերությունից ասել են, որ գործում են ըստ սահմանված նորմերի՝ նվազագույնը երկու մետր խորությամբ:
Քաղաքապետ Կալաձեն գտնում է, որ գերեզմանատան գործունեությունը ստուգումների կարիք ունի։ «Մենք ուզում ենք պարզել՝ իրականում ինչ է տեղի ունեցել. եթե խոսք է գնում այն մասին, որ շներն են հանում մարմնի մասերը, բացառվում է, որ դրանք երկու մետր խորության տակ լինեին: Ստացվում է, որ ամեն ինչ չի արվել ըստ կարգի: Մենք ստուգումներ կկատարենք և խախտումների դեպքում խիստ միջոցներ կձեռնարկենք»,-ասել է Կալաձեն:
Նյութի աղբյուր՝ newsgeorgia.ge