Վրաստանում այս տարի առաջին անգամ դիմորդները պետական քննություն են հանձնում մասամբ էլեկտրոնային ձևաչափով:
Այսինքն թեստերին նրանք կծանոթանան համակարգչից, բայց պատասխանները կգրեն թղթի վրա: Ընդհանուր առմամբ շուրջ 40 հազար դիմորդ է գրանցված` 44 հազար տեղի համար: Ավանդաբար, առաջին քննությունը վրացերեն լեզու և գրականություն առարկայից է, հուլիսի 1-ին և 2-ին կայանալիք այս քննության առավելագույնը 80 միավորն է: Երկրորդ քննությունը հուլիսի 4-ին և 5-ին` ընդհանուր հմտություններ առարակայից է: Այստեղ ևս 80 միավորն է հնարավոր առավելագույնը:
Օտար լեզուների քննությունները ` անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, նշանակված են հուլիսի 6-ին և 7-ին: Ֆրանսերենի քննությունը միայն հուլիսի 6-ին է, այստեղ առավելագույնը 100 բալն է: Քաղաքացիական կրթության քննությունը հուլիսի 12-ին է, գնահատվում է առավելագույնը 60 միավորով, մաթեմատիկան` հուլիսի 14-ին է, աշխարհագրությունը` 15-ին, երկուսն էլ գնահատվում են 59 միավոր` գրում է Ռեզոնանսի թերթը: Պատմության քննությունը կգնահատվի 70 միավորով` հուլիսի 18-ին, կենսաբանությունը ևս գնահատվում է 70 միավորով եւ նշանակված է հուլիս 20-ին: Վերջին քննությունը ֆիզիկա առարկայից է, հուլիսի 22-ին` 75 առավելագույն միավորով:
Դիմորդները հանձնում են երեք պարտադիր առարկա` վրացերեն, ընդհանուր հմտություններ և օտար լեզու: Բացի այդ, յուրաքանչյուր ֆակուլտետում նրանց համար նշանակված է ևս մեկ պարտադիր քննություն: Այս տարվա նորամուծությունն այն է, որ քննությունների ցանկը փոխել կարելի էր մինչև հուլիսի 1-ը:
Կարևոր է նաև թեստավորման ձևի փոփոխությունը: Յուրաքանչյուր դիմորդի սեղանին էկրան կլինի, որը ցույց կտա առաջադրանքը, իսկ դրանք լրացնելու համար կտրվեն աշխատանքային թերթիկներ` տեղեկացրել է քննությունների և գնահատման կենտրոնի փոխտնօրեն Իվա Միմձաձեն: