Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը Ջավախք կատարած եռօրյա այցի երկրորդ օրը՝ մարտի 20-ին հանդիպել է Ախալքալաքի հայ համայնքի, Ախալքալաքի քաղաքապետի և սակրեբուլոյի անդամների հետ։
Ախալքալաքի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում դեսպան Սադոյանը խոսել է շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրներից՝ նշելով, որ դրանք գտնվում են իր մշտական ուշադրության կենտրոնում և իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մի շարք խնդիրներ լուծում ստանան, ստեղծվեն նոր աշխատատեղեր և այլն։ Տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Դեսպան Սադոյանն իր խոսքում ընդգծել է Թբիլիսիի հետ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության կապի ամրապնդման և վրացերենի ուսուցման կարևորությունը։
Հանդիպման ավարտին Ռուբեն Սադոյանը Գումբուրդո գյուղի Սուրբ Խաչ մատուռի կառուցման համար Սայաթ և Խաչատուր Սահարյան եղբայրներին պարգևատրել է Հայաստանի սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով։
Սադոյանը հանդիպել է նաև Ախալքալաքի քաղաքապետի և սակրեբուլոյի անդամների հետ, որին մասնակցել են նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Դավիթ Ճիճինաձեն։
Հանդիպմանը դեսպանին ներկայացվել են շրջանում իրականացվող ծրագրերը, քննարկվել են շրջանի առջև ծառացած մի շարք խնդիրներ։
Դեսպան Սադոյանը նշել է, որ հետևողականորեն քայլեր կիրականացնի այդ հարցերին լուծում տալու համար և վստահեցրել է, որ մշտապես կանգնած է լինելու ջավախահայության կողքին։
Հիշեցնենք, որ Սադոյանը երեկ էլ հանդիպել էր Սամցխե-Ջավախքի նահանգապետի, Ախալցիխեի քաղաքապետի ու սակրեբուլոյի անդամների հետ: