Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզահամալիրի ավտոկայանատեղիում կայանած մեքենաներից մեկում վտանգավոր նյութ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունը։
«Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի 112 թեժ գծին մարտի 19-ին, ժամը՝ 21։06-ին ահազանգ է ստացվել, որ «Դինամո Արենա» մարզահամալիրի ավտոկայանատեղիում կայանած ավտոմեքենաներից մեկում, նրա սեփականատեր Գ․Ճ․-ն օտար մարմին է հայտնաբերել։
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո, ժամը՝ 21։08-ին դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ճանապարհային ոստիկանության և ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցները, ինչպես նաև փորձագետներ։
Ավտոմեքենայի զննումից հետո, իրավապահ մարմինները դուրս են բերել նշված նյութը, որի մանրամասն հետազոտության համար նշանակվել է փորձաքննություն։
Ոստիկանության աշխատակիցները մինչև ուշ գիշեր հետաքննչական գործողություններ են իրականացրել»,-նշվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։