Ծաղկիներ, բնություն, հոգեվիճակ, գույներ ու տրամադրություն: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սուսաննա Մկրտչյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսն էր:
Երկօրյա ցուցադրության համար հեղինակն ընտրել էր մի քանի տասնյակ գործեր` «Ծաղիկներս հեռուներին» շարքը, որն արվեստագետի ամենասիրելիներից մեկն է: Ասում է` չնայած ծաղիկներ քիչ է նկարում, բայց այս շարքը յուրահատկություն ունի. այն նվիրել է Եղեռնի 100-ամյակին, ծաղիկներ, որոնք չհասան մեր հազարավոր հայրենակիցներին:
Նկարչի միակ հումքը սովորական թուղթն է: Առաջին հայացքից դժվար է հավատալ, որ արվեստի այս յուրօրինակ նմուշները ստեղծվել են թղթից, ստվարաթղթից ու անձեռոցիկից: Ոմանց համար անպետք թվացող թղթին Սուսաննա Մկրտչյանը նոր կյանք է տալիս, ձև ու գույն: Յուրաքանչյուր լավ բան դժվար է ստեղծվում, հենց այդ դժվարության մեջ է նրա արժեքը,- ասում է Մկրտչյանն ու ավելացնում, որ իր գործը որքան դժվար, այնքան հետաքրքիր է.
«Աշխատել մի մեթոդով, որ ոչ մեկը չունի, որ ինքդ ես ստեղծել և այդ ստեղծագործական պահը, երբ փնտրում ես ու գտնում ինձ շատ է հետաքրքրում, ուստի սա հաճելի դժվարություն է»:
Իր հորինած ուղղությունը հեղինակն անվանել է ռելիեֆային նկարչություն, որը` ըստ էության քանդակի և գեղանկարչության համադրումն է: Հեղինակը նախ ստանում է քանդակային ձևերը, ապա գույներ տալիս: Յուրօրինակ ոճի ծնունդը 90 ականներին էր, երբ երկրաշարժն իր կնիքը դրեց ամեն ինչի` այդ թվում և արվեստի վրա: Կյանքի նկատմամբ հետաքրքրությունն ու հավատը վերագտնել էր պետք, նյութերի և միջոցների բացակայությունն օգնեց, որ բնավորությամբ անհանգսիտ նկարիչը գտնի ու հետագայում զարգացնի արվեստի նոր ճյուղ.
«Քանի որ նյութ չունեի, ստվարաթղթից, հին թղթերից փորձեցի ստանալ հարթություն, որպեսզի դրա վրա կարողանամ նկարել և նկատեցի, որ ձևեր են ստացվում, ռելիեֆներ, որոնք կարելի է ինչ-որ կերպ օգտագործել: Փորձարկումների միջոցով հասա այս մակարդակին և հիմա ուրիշ բան եմ մտածում` հաջորդ ցուցահանդեսը կլինի ավելի հետաքրքիր»:
Նախադեպը չունեցող արվեստի ճյուղի հեղինակը վստահ է` այս գործը հետնորդներ կունենա, իր ստեղծած արվեստի նկատմամբ հետաքրքրություն վաղուց կա, ասում է` հպարտ է, որ իր ստեղծած ոճը աստիճանաբար դպրոց է դառնում: Սուսաննա Մկրտչյանը ստեղծագործում է շարքերով` ասելիքը մի կտավով չի ավարտվում: Օրինակ` երբեմնի հայ մշակույթի օրրանը հանդիսացած հին Ալեքսանդրապոլը նոր սերնդին ներկայացնելու ցանկությունն էր պատճառը, որ ծնունդով գյումրեցի նկարչուհին, ով արդեն 40 տարի նաև Գյումրիի գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադիր-տնօրենն է, ստեղծեց «Գյումրի իմ սեր» շարքը, և այսպես հարյուրավոր կտավներ` ամենօրյա աշխատանքի ու արվեստի նկատմամբ սիրո արդյունք:
Հայ մշակույթը օտար երկրում ցուցադրելը սկզբունքային հարց է նկարչուհու համար: Նրա շարքերն աշխարհի տասնյակ երկրներում են շրջել: Թբիլիսյան ցուցահանդեսի այցելուներին գեղանկարչուհին խոստացավ, որ հաջորդ հանդիպմանն ասելիքն ավելի շատ է լինելու, ցուցահանդեսը կտարբերվի, քանի որ ինքն անվերջ պրպտումների մեջ է. Սպասվում են նոր գործեր ` նոր մեթոդով, սակայն հավատարիմ թղթին և գույներին: