Եռօրյա աշխատանքային այցով Ջավախքում գտնվող Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Ախալցիխեում հանդիպել է ջավախահայերի հետ: Բնակիչները հնարավորություն են ունեցել բարձրացնել իրենց հուզող հարցերը: Դրանք բազմաթիվ ու տարաբնույթ են: Մասնավորապես հնչել է Հայաստանի Լոռի և Շիրակ մարզերի հետ Ջավախքի համագործակցությունը խորացնելու առաջարկ:
Նինոծմինդա-Բավրա ճանապարհահատվածը վերականգնելու խնդրի հետ կապված Սադոյանն ասել է, որ դեսպանի պաշտոնում նշանակվելու օրվանից սա իր գերակայություններից է: Առաջիկայում նա հանդիպելու է Վրաստանի տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. «Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ մի երկիր, որը այցելուների թվով առաջին տեղում է՝ 1,7 միլիոն»:
Ջավախահայերին չի գոհացնում Հայաստանի հեռուստաալիքների մատուցած եթերի որակը, դաստիարակչական նշանակության հաղորդումների բացակայությունը: Ի պատասխան դեսպանն ասել է, որ ամենաբարձր մակարդակով քննարկվում է հարցը:
Սադոյանը ջավախահայերին ասել է, որ դեսպանատան դռները բաց են ցանկացած քաղաքացու համար՝ ցանկացած օր:
Նշվել է նաեւ, որ ամեն ամիս հյուպատոսական ծառայություններ են մատուցվելու Ջավախքում։
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցին։ Դեսպան Սադոյանը Ախալցիխեում հայաստանյան Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման մասին առաջարկի հետ կապված ասել է, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։
Հանդիպմանը ներկա են նաև դեսպանատան աշխատակիցներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Իսանի-Սամգորի ընտրատարածքի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն:
Դեսպանի հետ հանդիպումն անցնում է լեփ լեցուն դահլիճում։