Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին ասել է, որ Վրաստանն ունի ԱՄՆ-ի կոնգրեսի աջակցությունը: Դեսպանն այս կերպ արձագանքել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի՝ ԱՄՆ-ին Վրաստանի աջակցության ակտ ընդունելու կոչին: Հիշեցնենք՝ նախագահն ասել էր, որ կարևոր է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների երկարաժամկետ ռազմավարություն մշակել: Մարգվելաշվիլին վստահ է, որ այդ քայլը երկրի համար պատմական է դառնալու, որն օրենսդրության մակարդակով ամրացնելու է Վրաստանի՝ որպես ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակը: Քելլին վստահեցրել է, որ Վրաստանը կոնգրեսի կողմից երկկուսակցական ամուր վստահություն ունի, որը շարունակական է լինելու: Նա նաև արդյունավետ է որակել Մարգվելաշվիլիի վաշինգտոնյան այցը, կոնգրեսի, փորձագետների, ինչպես նաև Սպիտակ տան անվտանգության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները:
Յան Քելլին, ով մոտ օրերս ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում, լրագրողներին նաև ասել է, որ լրջագույն խնդիր է համարում երկրի կոնֆլիկտային հատվածներում մարդու իրավունքների խախտման դեպքերը: Թեմայի հետ կապված նա հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակի և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Դեսպանը խորհրդարանին առաջարկել է կապ հաստատել ԱՄՆ-ի համապատասխան ներկայացուցիչների հետ, ովքեր նշված խնդրի լուծման հարցում իրենց փորձով կկիսվեն: