Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» վրացերեն լեզվի վերապատրաստման ծրագրից օգտված կամ օգտվող անձինք Վրաստանի պետական հաստատություններում ստաժավորում ստանալու համար արդեն կարող են հայտեր ուղարկել հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության պետնախարարություն:
Պետնախարար Քեթեւան Ցիխելաշվիլիի խոսքով, նախորդ տարվա գարնանն անցկացված պիլոտային ծրագիրն արդարացրել է սպասելիքները եւ այսուհետ ցանկացողները կկարողանան տարին երկու անգամ դիմել՝ ավելի քան 20 պետական հաստատությունների՝ եռամսյա ստաժավորում ստանալու նպատակով:
Մարտի 14-ին կայացած միջոցառմանը ներկա էին պիլոտային ծրագրում մասնակցած, ինչպես նաեւ «1+4»-ից օգտվող այլ անձինք:
«Այս նախագիծը հաստատվել է 2017թ դեկտեմբերին, ինչի արդյունքում 65 երիտասարդ տարբեր պետական հաստատություններում անցավ ստաժավորում»,- նշեց Ցիխելաշվիլին:
Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վարդանուշ Քոսյանը մրցույթը հաղթահարելու դեպքում ծրագրում է ստաժավորում անցնել արդարադատության նախարարությունում.
«Այս կերպ տեսական գիտելիքներս կկիրառեմ գործնականում: Այս ծրագիրն ազգային փոքրամասնությունների համար մեծ ձեռքբերում է: Եթե այս հնարավորությունը ճիշտ օգտագործենք, կարող ենք հասնել հաջողության»,- ասում է Վարդանուշը:
Մարտի 14-ից Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները մրցույթի գործընթացում ներգրավվելու հնարավորություն կունենան: Մինչեւ մարտի 31-ը ցանկացողները պետք է լրացնեն պետնախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտաթերթիկը:
Հատուկ ստեղծված հանձնաժողովը ստաժավորում անցնողներին կընտրի գնահատման որոշակի չափորոշիչներով: Մրցույթի հաղթողները 1-6 ամիս տեւողությամբ ստաժավորում կանցնեն հետեւյալ պետհաստատություններում:
«Ակնկալիքներս շատ մեծ են, նախորդ տարի ծրագրին մասնակցել են իմ ծանոթները եւ շատ գոհ էին: Պետհաստատություններում ստաժավորում անցնելը ցանկալի է ցանկացած էթնիկ փոքրամասնության ներկայացուցչի համար: Համոզված եմ, դիմորդների մոտ կգրանցվեն լեզվի և ինտեգրման հարցում հաջողություններ»,- մեզ հետ զրույցում նշեց ԹՊՀ-ի միջազգային հարաբերությունների 3-րդ կուրսի ուսանող Հարություն Մալխասյանը:
«Անցյալ տարի ներկա եմ գտնվել պիլոտային ծրագրի շնորհանդեսին, քանի որ տարիքս չէր համապատասխանում, չկարողացա դիմել, այս անգամ կցանկանայի ստաժավորում անցնել դատարանում»,- ասում է 3-րդ կուրսի ուսանող Արգինե Կարապետյանը: