Վրաստանի 60 ՀԿ-ներ դիմել են Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիային` խնդրելով Հանրային հեռուստաընկերության հոգաբարձուների խորհրդում ներկայացնել Օմբուդսմենի գրասենյակին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի համակարգող Իզաբելա Օսիպովայի թեկնածությունը:
Այս մասին հայտարարել է «Կանանց իրավունքների համայնքային կազմակերպության» ներկայացուցիչ Լիլի Սաֆարովան:
«Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում, Սամցխե Ջավախեթիում, Շիդա Քարթլիում, Աջարիայում և Կախեթիում բնակվող էթնիկ փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների (ադրբեջանական, հայկական, ռուսական, ուկրաինական, օսական, վրացական, ասորական, եզդիական, քրիստոնեական, ուդիական, գերմանական, լեհական, լեհական) ներկայացուցիչները դիմում են Վրաստանի Օմբուդսմեն Նինո Լոմջարիային, որպեսզի հանրային հեռուստաընկերության հոգեբարձուների խորհրդում ներկայացնի Իզաբելա Օսիպովայի թեկնածությունը»,-ասված է հայտարարությունում:
Ըստ Սաֆարովայի, երկրի զարգացման կարևորագույն հարցը քաղաքացիական ինտեգրման գործընթացն է ու ազգամիջյան հարաբերությունների հաջողությունը, ուստի կարևոր է դրանցում ազգային փոքրամասնությունների ուղղակիորեն մասնակցությունը:
«Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ քաղաքացիական ինտեգրման գործընթացում հանրային հեռուստաընկերությունը կարող է մեծ դեր խաղալ, սակայն դրանում անհրաժեշտ է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը և մասնակցությունը»,-նշվում է կազմակերպությունների կողմից տարածած հայտարարության մեջ:
Մամուլի ասուլիսը տեղի է ունեցել «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման գրասենյակում: