Հունվար ամսվա ընթացքում Եվրամիության երկրներում օթեւան է ստացել Վրաստանի ընդամենը 13 քաղաքացի, 1288-ի դիմումը մերժվել է: Վերջին տվյալներով, ևս 5407 քաղաքացու դիմում դեռևս քննարկման փուլում է:
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենիեն Իմեդի հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ Ֆրանսիայում ապաստան ստանալու համար դիմած Վրաստանի քաղաքացիների թիվը աճել է, քիչ չեն նաև 90-օյա ժամկետը խախտելու դեպքերը:
«Ես ուղղակի կոչ կանեմ Վրաստանի քաղաքացիներին չհավատալ այն անձանց, ովքեր նրանց խոստանում են Ֆրանսիայում կամ Գերմանիայում երկու տարի ապօրինի ապրելով, օթեւան ստանալու հնարավորություն ձեռք բերեն: Այդպես չի լինելու, որովհետև Վրաստանն անվտանգ երկիր է»,-նշել է Պասկալ Մենիեն:
Վրաստանում Ֆրանսիայի դեսպանը չի բացառել, որ Վրաստանն իր քաղաքացիների կողմից նման պահվածքի դրսեւորման պատճառով կարող է զրկվի ԵՄ-ի հետ վիզայի ազատ ռեժիմից:
Նշենք, որ վերջին շրջանում Եվրամիության երկրները հաճախ են դժգոհում Վրաստանից օթեւան փնտրողների թվի աճի առնչությամբ։
Հիշեցնենք՝ 2017-ի մարտից ուժի մեջ է մտել ԵՄ-Վրաստան վիզայի ազատականացման մասին համաձայնագիրը, որից արդեն օգտվել է 220 հազար Վրաստանի քաղաքացի: