Բոլնիսի շրջանի ժամանակին ամբողջովին հայերով բնակեցված Կիանեթի գյուղում բնակչության 60 տոկոսն այսօր վրացիներ են։ «Որովհետեւ 60 տոկոսը վրացական գյուղերից այստեղ ամուսնացած վրացի կանայք են»,-կատակով ասում է Էթերի տատը եւ ժպիտը դեմքին շարունակում. «ես էլ վրացի եմ, հայի հետ չէի ուզում ամուսնանալ, բայց քանի որ մեր ծնողներն իրար ճանաչում էին, լավ հարսանիքով ու խնջույքով ամուսնացրին: Իրականում, հայերին շատ եմ սիրում, իմ ամուսինն էլ ամեն ինչ նորոգում էր, կառուցում, նման տղամարդու հնարավոր չէր չսիրել»:
Էթերի Խմալաձե-Սարգսյանն արդեն երկար տարիներ Կիանեթիում է ապրում։ Գյուղի հիմնական մասի նման Սարգսյանների ընտանիքն էլ խառը՝ հայ-վրացական է, տատը հիմա արդեն ծոռներ էլ ունի: Ասում է, որ ի տարբերություն մնացած հայկական գյուղերի՝ Կիանեթիի բնակչությունը հավասարապես խոսում է ե՛ւ հայերեն, ե՛ւ վրացերեն: Էթերի տատին հայերեն խոսել սկեսրայրն է սովորեցրել, ինքն էլ վրացերեն է սովորեցրել հայ հարսին:
«Սկեսրայրս ասում էր ՝ աղջիկս, քվաբի ինչպես կլինի հայերեն՝ պղինձ, ասում էի, չանգալի՞ն՝ պատառաքաղ… հետո ամեն ինչ էլ սովորեցի, երեխաներիս, թոռներիս ու ծոռներիս էլ սովորեցրի հայերեն: Հիմա երկու լեզվով էլ մաքուր խոսում են, շատ եմ հպարտանում»,-պատմում Էթերի տատը։
Էթերի տատի 3 տղաներից երկուսը բարձրագույն կրթություն են ստացել Երեւանում, երրորդը մահացել է պատերազմի դաշտում:
«Սարգսյան Լեւանը, Նուգզարն ու Ավթանդիլը տղաներս են, թոռներս՝ Արտյոմը, Արկադին եւ Նինոն, իսկ նրանց երեխաները Լեւանը, Մարին եւ Ավթանդիլն են»,-ոգեւորությամբ թվարկում է հայկական ազգանուն ու հայ-վրացական անուններ կրող ընտանիքի անդամներին, մեր զրույցի վերջում դարձյալ կատակելով հիշում է սկզբում առանց սիրո ձևավորված, այնհուտև սիրո մեջ ապրող ընտանիքի պատմությունն ու ասում՝ «մեր ընտանիքում հայ եւ վրացի գոյություն չունի, կարեւորը՝ մարդ լինես»: