«Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ» (TDI) և «Մարդու իրավունքների ուսումնասիրման ու մոնիտորինգի կենտրոն» (EMC) հասարակական կազմակերպությունները գնահատել են պետության կողմից Թբիլիսիի Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող պատմական հայկական եկեղեցին Վրաստանի պատրիարքարանին կամայականորեն փոխանցման հարցը:
TDI և EMC կազմակերպությունները պետությանը կոչ են անում մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում ներառել պատմական ճարտարապետական շինությունների վերադարձման գործընթացը, այդ թվում, ապահովել Թանդոյանց եկեղեցին պատմական սեփականատիրոջը վերադարձը:
Նշված գործով, Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի շահերը դատարանում և համապատասխան վարչական մարմինների առջև կպաշտպանեն TDI-ի և EMC-ի իրավաբանները:
Թանդոյանց պատմական եկեղեցին պատրիարքարանին հանձնելու գործընթացը
«Թանդոյանց Սուրբ Աստվածածին» եկեղեցին գտնվում է Թբիլիսիում, Աղմաշենեբելի 38 հասցեում: Մինչ խորհրդային բռնազավթումը եկեղեցին պատկանել է Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցուն: Թբիլիսիի գործկոմի նախագահության 1924 թվականի հրամանագրով փակվել է «Թիֆլիսի հայկական աստվածածին, Թանդոևի կրոնական միությունը» և վերցվել կրոնական թեմից: 1927 թվականի օգոստոսի 12-ին եկեղեցին փոխանցվել է «Թիֆլիսի գործադիր կոմիտեի տնտեսական բաժնին»: Դրանից հետո, շինությունը օգտագործվել է հանրային տարբեր գործառույթներով:
Խորհրդային միության փլուզումից հետո եկեղեցու շենքը պետության ենթակայության տակ է անցել: Հայ առաքելական եկեղեցին տարիներ շարունակ պետությունից պահանջել է հետ վերադարձնել «Թանդոյանց» եկեղեցին, սակայն, անարդյունք: Կարևոր է, որ անկախությունից ի վեր, մինչ 2017 թվականը, նշված եկեղեցու դավանական կամ պատմական սեփականատիրոջ պահանջ և/կամ շահ չի ներկայացրել որևէ այլ կրոնական կազմակերպություն, այդ թվում, ոչ էլ Վրաստանի պատրիարքարանը:
2017 թվականի հունիսի 23-ին Վրաստանի պատրիարքարանը դիմել է հանրային ռեեստրի ազգային գործակալությանը և խնդրել Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող եկեղեցու շենքը (հողակտորի կադաստրային համարն է. 01.16.05.025.005.22.500) գրանցել որպես ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի սեփականություն: Նրանց փաստարկմամբ, այստեղ են գտնվել Սուրբ Խաչի հայտնման եկեղեցու փլատակները:
Հաշվի առնելով, որ եկեղեցու նկատմամբ պետության սեփականության իրավունքը գրանցվել է 2017 թվականի ապրիլի 28-ին, համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի քորեպիսկոպոս Իակոբ Իակոբիշվիլին դիմել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը` եկեղեցու` պետության սեփականության գրանցումը չեղյալ հայտարարելու խնդրանքով:
2017 թվականի հուլիսի 10-ին Վրաստանի գույքի կառավարման գործակալությունը թիվ 1/1-1600 հրամանով, պատրիարքարանի դիմումի հիման վրա, չեղյալ է հայտարարել պետության սեփականության իրավունքը նշված գույքի նկատմամբ: Դա հնարավորություն է տվել հանրային ռեեստրի ազգային գործակալությանը` 2017 թվականի հուլիսի 26-ին Վրաստանի պատրիարքարանի անունով գրանցել 4591 քառ. մետր հողատարածք և այս հողատարածքում առկա պատմական եկեղեցու շինությունը:
Ինչպես գույքի կառավարման գործակալությունը, այնպես էլ հանրային ռեեստրը, որոշումը կայացրել են առանց շինության դավանական և պատմական պատկանելության համապատասխան ուսումնասիրման: Վարչական մարմինները, առանց որևէ հավելյալ փաստաթղթի պահանջի կամ քննության, միայն պատրիարքարանի կողմից ներկայացված ընդհանրական տեղեկատվության վրա են հիմնվել, որի համաձայն.
«Այսօրվա Դավիթ Աղմաշենեբելի պողոտայի թիվ 38 հասցեում գտնվում է եկեղեցու փլատակներ, որի վերաբերյալ տեղեկատվություն են փոխանցում պատմական աղբյուրներն ու քարտեզները: Մասնավորապես` այս վայրում, որտեղ «Կուկիա» գյուղը կցվում է Թբիլիսիին, 1800-1802 թվականների ծրագրի վրա նշված է գմբեթավոր տաճար, աշտարակներով շրջապատված ամրոցով և սեփական այգով: Այս վայրը կոչվել է նաև «Ախալսոփելի» և արխիվային նյութերով հաստատվում է, որ 1814-1816 թվականներին հոգևորական Պետրե Իմնակեի ղեկավարությամբ կառուցվել է Սուրբ Խաչի հայտնման եկեղեցին»:
Այս ուղղությամբ Վրաստանի պատրիարքարանը Թանդոյանց եկեղեցու տարածքում ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում, որի մեթոդներն ու մասշտաբները, ակնհայտորեն, անցնում են մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության կողմից առաջարկված հետազոտական աշխատանքների սահմանները և անօրինական են: 2018 թվականի փետրվարի դրությամբ, վնասված եկեղեցու հիմքը մասամբ փորված է, եկեղեցու շուրջը մաքրված է փլատակների քարերից, իսկ տարածքում, ամենայն հավանակնությամբ, շինարարական և փորման աշխատանքներ են ընթանում: Հնարավոր է, որ ընթացիկ գործընթացով վնասվում են և կազմաքանդվում շինության պատմական և մշակութային առանձնահատկությունները: Այս գործընթացին պետությունը պատշաճ վերահսկողություն չի իրականացնում:
Ինչպես հատնում են լրատվամիջոցները, 2018 թվականի փետրվարին Նարիկղալայի ամրոցի հիմքերից ապօրինաբար փորված հին աղյուսները տեղափոխվել են Աղմաշենեբելի 38-ում գտնվող Թանդոյանց հայկական եկեղեցու տարածք և նախատեսված են Թանդոյանց եկեղեցում նոր, վրաց ուղղափառ բազիլիկ եռանավ եկեղեցի կառուցելու համար:
Ընթացիկ իրավական վեճերը
2018 թվականի հունվարի 5-ին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը Վրաստանում բողոքարկել է Հանրային ռեեստրի ազգային գործակալության որոշումը, որով պատրիարքարանի անվան վրա է գրանցվել Աղմաշենեբելի 38-ում գտնվող եկեղեցին: Բողոքարկող կողմը գտնում է, որ հանրային ռեեստրի ազգային գործակալությունը որոշումը կայացրել է առանց առկա կարևոր հանգամանները ուսումնասիրելու և գնահատելու: Հանրային ռեեստրի ազգային գործակալությունը չի ուսումնասիրել եկեղեցու դավանական պատկանելությանը վերաբերող փաստերը: Բացահայտորեն անտեսել է օրենքի պահանջներն ու առանց համապատասխան իրավունքը հաստատող փաստաթղթի ներկայացման, պատրիարքարանի անվան վրա է գրանցել անշարժ գույք:
2018 թվականի հունվարի 5-ին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը վարչական բողոք է ներկայացրել նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարություն, որպես «Գույքի կառավարման գործակալության» բարձրագույն վարչական մարմնի: Բողոքարկող կողմը պահանջել է անվավեր ճանաչել ակտը, որով գործակալությունը միայն ուղղափառ եկեղեցու կողմից ներկայացված տեղեկատվության հիմքով, առանց գործի համար կարևոր փաստային հանգամանքները ուսումնասիրելու, չեղյալ է հայտարարել պետության սեփականության իրավունքը, և ուղղափառ եկեղեցուն հնարավորություն է տվել, որպես իր սեփականություն գրանցել նշված եկեղեցին: Բողոքարկող կողմը, այս դեպքում նույնպես, վիճելի է դարձնում նշված ակտի օրինականությունը, քանի որ այն չի հիմնվում օբյեկտիվ և ամբողջովին ուսումնասիրված հանգամանքների վրա և հաշվի չի առել վիրահայոց թեմին, որը տարիներ շարունակ պետությունից պահանջում էր` վերադարձնել «Թանդոյանց» պատմական եկեղեցին:
2018 թվականի փետրվարի 18-ին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը վարչական բողոքով դիմել է նաև Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարությանը, որպես մշակութային ժառանգության պահպանման գործակալության բարձրագույն վարչական մարմնի: Բողոքարկող կողմը պահանջել է գործակալության կողմից Թանդոյանց եկեղեցում հետազոտական աշխատանքների իրականացման համար տրված թույլտվությունը անվավեր ճանաչել և դադարեցնել աշխատանքները: Բողոքարկող կողմը մատնանշում է այն փաստը, որ պատրիարքարանը, որպես դիմորդ, գործակալությանը չի ներկայացրել «Մշակութային ժառանգության վերաբերյալ օրենքով» սահմանված փաստաթղթեր: Պատրիարքարանի դիմումում ներկայացված չեն իրականացվելիք հետազոտական աշխատանքների ծավալն ու մեթոդաբանությունը, ինչը, եկեղեցուն, որպես մշակութային ժառանգության հուշարձան վնասելու և իր կարևոր առանձնահատկությունները ջնջելու մեծ ռիսկեր է ստեղծում ու թուլացնում պետության կողմից այս գործընթացը վերահսկելու հնարավորությունը:
Ընթացիկ վեճի իրավական փաստարկման և իրավական ու սոցիալական կարևորությունը
Բողոքարկող կողմը նշում է, որ եկեղեցին պատրիարքարանին է փոխանցվել, առանց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի հետ որևէ քննարկման, ինչը ցույց է տալիս, որ կայացված որոշումը փաստարկված չէ և անօրինական է:
Թանդոյանց եկեղեցու պատմության հետազոտությունը ցույց է տալիս, որ նշված վայրում (այն ժամանակ` Կուկիա գյուղ) հայկական եկեղեցու շինարարությունը սկսվել է 19-րդ դարի 50-ական թվականներին: Նախ 1850-ական թվականների սկզբին տեղի հայ բնակչության կողմից կառուցվել է ժամանակավոր փայտե եկեղեցի: Այնուհետև 1866 թվականին կառուցվել է Թանդոյանց եկեղեցին:
Հատկանշական է, որ նշված տարածքում հայերի բնակեցումը սկսվել է 18-րդ դարի 70-ական թվականներից: Երևում է, որ 1844 թվականին այս տարածքում հին գերեզման է եղել: Երբ Կուկիա գյուղը միացվել է Թբիլիսիին և սկսվել է բարեկարգման գործընթացը, գերեզմանատունն աստիճանաբար վերացվել է (1850 թվականին գծագրված քարտեզի վրա գերեզմանոցը արդեն իսկ նշված չէ):
Գոյություն ունեցող պատմական աղբյուրների համաձայն, նշված տարածքում այլ եկեղեցու գոյությունն ապացուցված չէ: Թանդոյանց եկեղեցին կոնֆիսկացվել է 1924 թվականին` հայ եկեղեցուց: Այսպիսով, պատմական աղբյուրները և առկա շինության ճարտարապետական և մշակութային առանձնահատկությունները հաշվի առնելով, նշված եկեղեցու հայկական ծագումը չի կարող վիճելի լինել: Դրա հետ մեկտեղ, հետազոտությունները մատնանշում են պատրիարքարանի կողմից ներկայացված տեղեկատվության փաստարկների բացակայությունն ու Սուրբ Խաչի հայտնման եկեղեցու` Թբիլիսիի այլ տարածքում գտնվելու փաստը:
Ավելին, գործող օրենսդրությունն ու միջազգային ստանդարտները ( Հուշարձանների պահպանության և վերականգնման մասին Վենետիկյան խարտիա, 1964 թ․) հաշվի առնելով՝ եկեղեցում պատրիարքարանի կողմից իրականացվող կամայական հետազոտական աշխատանքներն ու հայկական եկեղեցում վրացական ուղղափառ եռանավ եկեղեցու կառուցման ծրագիրը անօրինական է: Ընթացիկ և նախատեսվող աշխատանքները վտանգ են ստեղծում պատմական հուշարձանի ինքնության և մշակութային արժեքները ջնջելու տեսանկյունից:
Թանդոյանցի պատմական եկեղեցին պատրիարքարանին փոխանցելու գործը ևս մեկ անգամ ցույց է տալիս Խորհրդայի ժամանակաշրջանում բռնազավթված պատմական դավանական շինությունների հետևողական և ոչ խտրական քաղաքականության բացակայության խնդիրը: Սահմանադրական համաձայնությամբ, պետությունը ճանաչել է գերիշխող եկեղեցու իրավունքը եկեղեցիների և փլատակների վերաբերյալ: Չնայած, առանց իրավական կանոնակարգման է թողել կրոնական փոքրամասնությունների պատմական եկեղեցիների վերադարձման հարցը, ինչը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող միջազգային ու ազգային ինստիտուտների և կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ քննադատության է արժանանում: Առկա խտրական քաղաքականությունը հաճախ դառնում է կրոնական ու սոցիալական լարվածության պատճառ, ինպես նաև խնդիրներ է ստեղծում պատմական եկեղեցիների` որպես մշակութային ժառանգության հուշարձաններ, համապատասխան պահպանության և խնամքի տեսանկյունից: Պետության նման քաղաքականությունը կրոնական փոքրամասնությունների կողմից ընկալվում է որպես իրենց պատմական և մշակութային հետքը ջնջելու փորձ, ինչը, իր հերթին, ազդում է նրանց ինտեգրման վրա:
Թանդոյանցի գործով վեճի շրջանակներում EMC-ին և TDI-ը պնդում են, որ ռեստիտուցիայի վերաբերյալ քննարկումների ժամանակ դատարանները պետք է հաշվի առնեն առկա շինությունների դավանական և պատմական ծագման հարցը: Հնագետների քննարկումները` պատկանելության վերաբերյալ, զուրկ են ինչպես իրավական փաստարկներից, այնպես էլ մշակութային ժառանգության պահպանման տրամաբանությունից: Թանդոյանց եկեղեցու հայկական ծագումը մինչ այս պետության կողմից գրանցվել է նաև պաշտոնական փաստաթղթերում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ընդունված որոշման կամայականությունը: Հայկական եկեղեցին պատրիարքարանին փոխանցելը գերիշխող եկեղեցու նկատմամբ բաց լոյալության և Հայ առաքելական թեմի հանդեպ խտրականության պարզ օրինակ է:
Թանդոյանց եկեղեցու վերաբերյալ ընթացիկ վեճը նախադեպային կարևորություն ունի, քանի որ նման խնդիրները վերաբերում են նաև այլ կրոնական միավորումներին: Հնարավոր է, արդար դատական որոշումը փոխի առկա խտրական քաղաքականությունը դրական իմաստով:
Գործի վերաբերյալ հասարակության բարձր հետաքրքրվածությունը հաշվի առնելով՝ TDI-ը և EMC-ն ապագայում ևս կտեղեկացնեն ընթացող վեճի մասին:
Հանրային ռեեստրի ազգային գործակալության դեմ ընթացիկ դատավեճի շրջանակներում առաջին դատական նիստը տեղի կունենա Թբիլիսիի քաղաքային դատարանում, 2018 թվականի մարտի 13-ին, ժամը 12:00-ին: