Վրաստանի Հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարությունը հայտարարում է երկրի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ քաղաքացիների համար նախատեսված հանրային հաստատություններում ստաժավորման ծրագրի մեկնարկի մասին։
Ըստ ծրագրի՝ այն ուսանողներին, որոնք օգտվում են, կամ օգտվել են «1+4» վրացերեն լեզվի նախապատրաստական ծրագրից, հնարավորություն է ընձեռնվում ավարտական տարիներին սովորելուն զուգահեռ, կամ ուսումն ավարտելուց հետո, ստաժավորում անցնել ընտրված պետական հաստատությունում:
Պետնախարար Քեթեվան Ցիխելաշվիլին մարտի 14-ին ժամը 15:00-ին Քորթյարդ Մարիոթ հյուրանոցում կներկայացնի ստաժավորման ծրագրի արդեն նորացված տարբերակը, որից հետո (մարտի 14-ին) հայտերը լրացնելու համար նախատեսված դիմումը կտեղադրվի www.hr.gov.ge կայքում:
Հիշեցնենք՝ ծրագիրը նախորդ տարվա ընթացքում փորձնական կիրառում է անցել, որին մասնակցել է 65 երիտասարդ՝ ստաժավորում անցնելով երկրի շուրջ 20 տարբեր պետական հաստատություններում:
Հատկանշական է,որ տարեցտարի ավելանում է «1+4» վրացերեն լեզվի նախապատրաստական ծրագրի դիմորդների թիվը: Այսպես, եթե 2010 թվականին ծրագրին դիմել էր 247 ուսանող, ապա 2017-18 ուստարվա ընթացքում այն ունի արդեն 1047 ուսանող:
Նախարարությունը հիշյալ ծրագիրը իրականացնում է Վրաստանի հանրային ծառայության բյուրոյի եւ ՄԱԿ-ի վրացական ասոցիացիայի համագործակցությամբ։