Գերմանիայի դեսպանը` Իտալիայի և Ֆրանսիայի աջակցությամբ Եվրամիության մշտական ներկյացուցիչ երկրների կոմիտեի նիստին ժամանակ դեմ է արտահայտվել Վրաստանի համար վիզային ազատականացման որոշմանը, գրում է Նովոստի գռուզիան` հղում անելով Եվրամիության նորությունները լուսաբանող առցանց լրատվամիջոցին:
Ընդդիմախոսներն իրենց որոշումը հիմնավորել են այն հանգամանքով, որ գերմանական հանրությունն անհանգստացած է Գերմանիայում վրաց հանցագործ խմբերի կողմից` տների կողոպուտների շարքով: Եվրոպական լրատվամիջոցները պարբերաբար հաղորդում են Գերմանիայում Վրաստանի քաղաքացիների ձերբակալությունների մասին, ովքեր մեղադրվում են ոսկեղենի խանութների և սեփական տների կողոպուտի մեջ:
Դիվանագետներն ասել են, որ մինչ վիզայի ազատականացման որոշումն ընդունելը Թբիլիսին պետք է միջոցներ ձեռնարկի, բացի այդ նրանք խոսել են նաև շենգենյան գոտու երկրներում գտնվելու թույլատրելի ժամկետները շահագործելու դեպքում` արագ արձագանքման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին: Եվրամիության ներքին գործերի նախարարները Վրաստանի հարցը կքննարկեն հունիսի 20-ին:
Հիշեցնենք` Եվրահանձնաժողովը վիզայի ազատականացման` Վրաստանի պատրաստվածության մասով դրական եզրակացությունը հրապարակել է 2015-ի դեկտմեբերին: Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին, անդրադառնալով հարցին, վստահեցրել է, որ վիզայի ազատականացման հարցը լուծվելու է մինչեւ ընտրություններ. «Կարող եմ ասել, որ Վրաստանի կողմից չլուծված ոչ մի հարց չի մնացել: Բոլոր պայմանները կան, որպեսզի մինչեւ հոկտեմբեր այս հարցն ավարտվի:»