Վրաստանը ձգտում է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, քանի որ մենք հավատում ենք` ՆԱՏՕ-ն այն կազմակերպությունն է, որը սատարում է մեզ համար կարևոր արժեքները:
Այս կարծիքին է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն: Ելույթ ունենալով Վաշինգտոնում` Ջանելիձեն նշել է, որ ՆԱՏՕ-ն ազատ աշխարհի անվտանգության երաշխիքն է. «Վրաստանը անկախության վերականգնման պահից և մինչ այդ «Երկաթյա վարագույր»-ի ետևում, եղել է և կա ազատ աշխարհի արժեքների համար պայքարող երկիր: ՆԱՏՕ-ն նրանց պաշտպանն է, ովքեր պայքարում են այդ արժեքների համար»,- հայտարարել է նախարարը:
Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Բրյուսելում, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ամրապնդվում է նույնսիկ առանց անդամակցության գործողությունների ծրագրի. «Վրաստանը ունի բոլոր փաստացի գործիքները, գործում է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը, մենք զարգացնում ենք համագործակցությունն ու գործընկերությունը»:
Սակայն, ըստ նրա, դեռևս վաղ է խոսել Դաշինքի անդամ պետությունների հնարավոր որոշման մասին` Վարշավայի գագաթնաժողովում. «Կարևոր է հասկանալ, որ առանց անդամակցության էլ կարելի է շատ բան անել, որպեսզի ՆԱՏՕ-ում ավելի շատ Վրաստանի և Վրաստանում ավելի շատ ՆԱՏՕ-ի ներկայություն լինի»,- ասել է Ստոլտենբերգը:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին էլ այն կարծիքին է, որ Ռուսաստանին վրդովեցնում է դեպի Եվրոպա այլընտրանքային էներգառեսուրսների ապահովման հնարավորությունը: «Հարցն այն չէ, թե 3.5 միլիոնանոց երկիրը կմիանա ՆԱՏՕ-ին թե` ոչ, հարցը Վրաստանի աշխարհագրական դիրքն է, որը թույլ է տալիս դեպի Եվրոպա էներգիա մատակարարել և Ռուսաստանին դուրս թողնել միասնական էներգամատակարարման սահմաններից: Խոսակցություններն այն մասին, թե ի՞նչ է ուզում Ռուսաստանը կամ ինչի՞ց է պետք խուսափել, ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկերների հիմնական սխալն է»,- ասել է Խիդաշելին: