Վրաստանի նախագահը եւ վարչապետը շնորհավորել են կանանց՝ մարտի 8-ի կապակցությամբ։
Գիորգի Մարգվելաշվիլին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է ծաղկեփնջի լուսանկար եւ փոքրիկ շնորհավորական ուղերձ, իսկ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կանանց արժանիքների մասին է հիշատակել:
«Հպարտությամբ կարելի է ասել, որ Վրաստանում պատմականորեն միշտ գնահատվել է կնոջ դերը երկրի զարգացման մեջ: Դեռեւս 12-րդ դարում մեզ մոտ իշխում էր Թամար թագուհին: Իսկ 20-րդ դարի սկզբում, երբ կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում եւ հանրային կյանքում հազվադեպ երեւույթ էր, Վրաստանի ժողովրդավարական հանրապետության քաղաքական կուսակցություններում արդեն կային կին անդամներ»,- ասվում է Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ «Ֆեյսբուքում» հրապարակած շնորհավորական ուղերձում:
Կառավարության ղեկավարը հիշել է Վրաստանի 1918թ․ խորհրդարանի առաջին կին պատգամավորներին։
«Այս տարի մենք նշում ենք ժողովրդավարական հանրապետություն հռչակվելու 100-ամյակը, անհնար է չհիշել Էլիսաբեթ Նակաշիձե-Բոլքվաձեին, Էլեոնորա Տեր-Փարսեգովա-Շարաշիձեին եւ Աննա Սոլոգաշվիլիին՝ Վրաստանի առաջին կին խորհրդարանականներին, որոնք մեծ ներդրում ունեն պետական գործում»,- նշել է վարչապետը:
Մարտի 8-ին նշվող կանանց միջազգայն տոնը Վրաստանում նույնպես համարվում է պետական տոն: 1991 թվականին մարտի 8-ի փոխարեն հաստատվել էր մայրության տոնը, որը նշվում է մարտի 3-ին: Սակայն տասը տարի անց՝ 2002 թվականին, մարտի 8-ը կրկին ստացել է պաշտոնական տոնի կարգավիճակ։ Այսպես, Վրաստանում նշվում է նաեւ մայրության տոնը: