Տրանսգենդեր կանանց նվիրված ակցիան՝ մարտի 8-ին

Ի պաշտպանություն տրանսգենդեր կանանց իրավունքների, մարտի 8-ին Թբիլիսիում կանցկացվի «Ես կին եմ, ընդունի՛ր դա» խորագրով ակցիան:

Միջոցառման կազմակերպիչ Վրաստանի կանանց շարժում ՀԿ-ն տեղեկացնում է, որ կանանց միջազգային օրը տրանսգենդերների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները որոշել են երկրի իշխանությունների ուշադրությունը բևեռել հիշյալ խնդրի վրա:

«Այսօր Վրաստանում տրանսգենդեր կանայք լուրջ խնդիրներ ունեն, նրանց վրա հաճախ հարձակվում են՝ հասցնելով ֆիզիկական վիրավորանքներ: Նրանց մեծ մասը վտարված է սեփական ընտանիքից, նրանք աշխատատեղ ունենալու հեռանկար գրեթե չունեն, խտրականության զոհ են դառնում իրավապահ մարմինների, բժիշկների եւ այլ մասնագիտությունների տեր մարդկանց կողմից»,-ասվում է ակցիայի կազմակերպիչների կողմից տարածված տեքստում:

Ակցիան կմեկնարկի ժամը 15:00-ին՝ Արդարադատության տան հարակից տարածքում: Ինչպես նշում են կազմակերպիչները, ակցիայի վայրը պատահաբար չի ընտրվել՝ Վրաստանում տրանսգենդեր անձանց առավել անհանգստացնող խնդիրը անձը հաստատող փաստաթղթերում սեռը փոխելու ընթացակարգն է:

Թողնել պատասխան