«Նինոծմինդայի մունիցիպալիտետը «Ներկայացուցչական ծախսերի» համար նախատեսված գումարից հյուրընկալության և տարբեր տեսակի բանկետային ծառայությունների համար 56 հազար լարի է ծախսել, ինչը նպատակահարմար չի համարվում»,- այս մասին ասվում է պետական աուդիտի ծառայության 2015-2016 թվականների զեկույցում:
Մասնավորապես, 2015 թվականին 24 պայմանագիր է ստորագրվել` 30.5 հազար լարի արժողությամբ, իսկ 2016 թվականին` 32 պայմանագիր` 25.5 հազար լարի արժողությամբ: Գումարները հատկացվել են սակրեբուլոյի ղեկավարի և գամգեբելիի կողմից տրված հրամաններով:
«Սննդի կետերում ծառայությունների համար ծախսերի դեպքերում հաճախ չի նշվում, թե ինչ միջոցառում է անցկացվել, չի նշվում նաև հյուրընկալության նպատակը, հյուրերի քանակը և այլ տվյալներ: Ներկայացուցչական ծախսերից գումար հատկացնելու վերաբերյալ 15 հրամանում նշվում է «բարձրաստիճան անձանց հյուրընկալելու համար», իսկ 25 դեպքերում գումարը հատկացվել է տարբեր նախարարությունների ներկայացուցիներին սննդով ապահովելու համար, առանց կոնկրետ անձանց անուններ ու քանակ նշելու: Ելնելով նշվածից, անհնար է որոշել մունիցիպալիտետի կողմից իրականացված միջոցառումների տեսակները, հյուրընկալելու նպատակը, հյուրերի և հյուրընկալների քանակը և այլ տվյալներ: Հետևաբար, 2015-2016 թվականներին մունիցիպալիտետի կողմից ծախված 56 հազար լարիի նպատակահարմարությունը փաստաթղթերով ապացուցված չէ»,- ասվում է հայտարարության մեջ:
Պետական աուդիտի տեղեկատվությամբ, Նինոծմինդայի մունիցիպալիտետը չունի ներքին կանոնակարգ, որով «Ներկայացուցչական ծախսերից» պետք է գումարներ ծախսվեն: Ուստի, կոչ է արվում սակրեբուլոյին` համապատասխան կանոնակարգ մշակել, որը կապահովի ներկայացուցչական ծախսերի ռացիոնալ և թափանցիկ լինելը: