Ռուսաստանը պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` Ռիա-Նովոստի գործակալությանը տված ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ:
« Այո, մենք մտածում ենք` մենք կարող ենք հանել Վրաստանի հետ վիզային ռեժիմը»:
Անդրադառնալով Ռուսաստան- Վրաստան հարաբերությունների վերականգնման հեռանկարներին` Պուտինն ասել է, թե 2008-ի իրադարձությունների և երկկողմ հարաբերությունների սառեցման մեղքն ամբողջությամբ Վրաստանի ղեկավարության ուսերին է: Մեջբերում եմ ` «Մենք չենք եղել հարաբերությունների վատթարացման նախաձեռնողը, բայց մենք պատրաստ ենք դրանք վերականգնել»: Ըստ նրա` Վրաստանի ներկայիս ղեկավարության կողմից Մոսկվան այսօր տեսնում է որոշ ազդանշաններ, և դրանք ընդունվում են» :
Հիշեցնենք` Ռուսաստանը Վրաստանի հետ վիզային ռեժիմ սահմանեց 2000 թվականի դեկտեմբերին` դա բացատրելով Պանկիսի կիրճից Ռուսաստանի տարածք ահաբեկչականխմբերի ներթափանցման վտանգով: Ի պատասխան 2008թ.-ի օգոստոսին Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունն ընդունելուն` Վրաստանը խզեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Դեկտեմբերի 17-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ի պատասխան Պուտինի վերոնշյալ հայտարարության` կարծիք է հայտնել, որ Վիզային ռեժիմի ազատականացումը քայլ է` ճիշտ ուղությամբ: «Ինչպես հայտնի է` Վրաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմն ազատականացրել է դեռևս 2011-ին: Ընթացիկ տարում մենք ավելի երկարացրինք Ռուսաստանի քաղաքացիների` Վրաստանում մնալու թույլատրելի ժամկետները, քանի որ մենք հետաքրքրված ենք, որ հնարավորինս շատ թվով զբոսաշրջիկներ այցելեն Վրաստան, նաև կողմ ենք մարդկանց հետ հարաբերությունները դյուրացնելուն: Անհրաժեշտ է հաշվի առնել Ռուսաստանում ապրող բազմաթիվ մեր քաղաքացիների ու վրաց գործարարների իրավունքները: Նրանք ուզում են, որ երկրների միջև հաղորդակցությունը հնարավորինս պարզեցվի: Չնայած երկու երկրների սկզբունքային անհամաձայնություններին` այս երեք տարում մենք կարողացել ենք որոշակի քայլեր ձեռնարկել` առևտրի, տրանսպորտի ու մարդասիրական ոլորտներում: Մոտ օրերին մենք սպասում ենք Եվրամիության պատասխանին` Վրաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ազատականացման մասին, որը կլինի պատմական իրադարձություն: Մեր դիրքրորշումն այսպիսին է `Վրաստանի քաղաքացիները պետք է ամբողջ աշխարհում ազատ տեղաշարժի իրավունք ունենան: Մեր իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը լուրջ արդյունքներ է տալիս: Սա ընդունում են ինչպես մեր քաղաքացիները, այնպես էլ արևելյան գործընկերները»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ: