«Խաղաղությունը պատերազմից ավելի է». Ցույց Թբիլիսիում

Մարտի 4-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում «Խաղաղությունը պատերազմից ավելի է» կարգախոսով բողոքի ցույց տեղի ունեցավ: Հավաքվածները պահանջում էին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում սպանված Արչիլ Տատունաշվիլիի դին Վրաստան տեղափոխել: Ցուցարարները Ազատության հրապարակ էին եկել ծաղիկներով և մոմերով:

3

Ցույցը կազմակերպվել էր մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր հայտարարել էին, որ որևէ ներքաղաքական պահանջ չի լինելու: «Մենք, Վրաստանի շարքային քաղաքացիներս, գտնում ենք, որ տեղի ունեցածին պետք է պատշաճ արձագանք լինի իշխանությունների և քաղաքացիական հասարակության կողմից: Սա հարված է մեր պետականությանը»,- ասվում էր հայտարարության մեջ:

1Ցույցի կազմակերպիչներից Էլենե Խեչուաշվիլին Ալիքի հետ զրույցում ասաց, որ ցույցը երկու նպատակ ունի:

«Նախ Արչիլի Տատուաշվիլիի, մեր զինվորի եւ նրա ընտանիքին համերաշխության, երկրորդը` Ռուսաստանի բռնազավթման դեմ է մեր ակցիան: Պահանջում ենք իրական խաղաղություն: Որևէ քաղաքական ենթատեքստ չկա: Սա մի քանի մարդու կողմից կազմակերպված ցույց է»:

Ցույցին ներկա էր նաև «Ուժը միասնության մեջ է» հասարակական կազմակերպության ղեկավար Դավիթ Քացարավան: Վերջինիս խոսքով իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի Տատունաշվիլիի դին տեղափոխեն Վրաստան:

2 2«Իշխանությունները իրոք փորձում են և իրենց ռեսուրսները ամբողջությամ օգտագործում են դին վերադարձնելու համար: Սակայն, գտնում եմ, որ այս ամենի հետ մեկտեղ քաղաքացիական հասարակությունը պետք է ներգրավվի, ինչի վկայությունն է այսօրվա ցույցը: Իհարկե, կցանկանայի, որ ավելի շատ մարդ գար, սակայն սա նույնպես նշանակում է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք և շուտով կարթնանանք»:

Քացարավան պնդում է, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է, որպեսզի իրավիճակը էլ ավելի սրի:

«Ցույցը` «Խաղաղությունը պատերազմից ավելի է» խորագիր է կրում: Սակայն ես կավելացնեի` խաղաղություն ես ցանկանում` պատրաստվիր պատերազմին: Ռուս օկուպանտները ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակը լարեն»:

Հիշեցնենք, որ Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլին անհայտ պայմաններում մահացել է փետրվարի 22-ին, Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում: Այսօր նաև հայտնի դարձավ, որ համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը դիմել է Ռուսաստանի պատրիարք Կիրիլին և նրանից պատասխան ստացել, որ Տատունաշվիլիի դին մոտ օրերս Կարմիր Խաչի գրասենյակի միջոցով կտեղափոխվի Վրաստան:

Թողնել պատասխան