«Ուրախ եմ, որ գտնվում եմ երկրում, որի հետ Վրաստանը դարերի խորքից եկող բարեկամություն ունի»,-ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ դեմ առ դեմ հանդիպմանն ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ հայ-վրացական բարձր մակարդակի այցերը միտված են երկկողմ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։
Նա ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել իր գործընկեր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ընդգծելով այցի օրակարգում գտնվող երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների խորացման հարցը։ Գիորգի Կվիրիկաշվիլին առանձնացրել է հատկապես այն հանգամանքը, որ Վրաստանն ու Հայաստանը այս տարի նշում են առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը:
ՀՀ վարչապետն իր հերթին կարևորել է երկու երկրների միջեւ առկա բարիդրացիական եւ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով հատկապես բարձր մակարդակի քաղաքական եւ տնտեսական կապերը: Կարեն Կարապետյանը կարևոր է համարել գոյություն ունեցող փոխգործակցությանը նոր դինամիկա հաղորդելու անհրաժեշտությունը։
Տեղեկացնում է Վրաստանի կառավարության պաշտոնական էջը։