Մարտի 2 –ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի և վարչապետի հետ:
Կառավարությունում կկայանա Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Բանակցությունների ավարտին երկու երկրների վարչապետները հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գիորգի Կվիրիկաշվիլին կհյուրընկալվի նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Հիշեցնենք, որ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայաստանյան այց էր նախատեսվում 2017-ի դեկտեմբերին, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Պաշտոնական պատճառաբանությունը Վրաստանի կառավարությունում տեղի ունեցող փոփոխություններն էին:
Լուսանկարը` orer.eu կայքից