Ուկրաինայի 7 քաղաքացի, 5 վրացի և մեկ մոլդովացի ձերբակալվել են լեհ ոստիկանների վրա հարձակման պատճառով։ Այս մասին տեղեկացնում է newsone.ua-ն՝ հղում անելով լեհական tvn24 հեռուստաընկերությանը։
Հաղորդվում է, որ պատահարի հետևանքով հինգ օտարերկրացի հրազենային վիրավորում է ստացել, իսկ ոստիկանների վրա հարձակման համար նրանցից ութին սպառնում է տասը տարվա ազատազրկում։
Նշվում է, որ երկու ոստիկան նկատել են ալկոհոլ օգտագործող և ագրեսիվ վարքագիծ դրսևորող տղամարդկանց, խնդրել են ցույց տալ փաստաթղթերը, որից հետո տղամարդկանցից մեկը հարձակվել է ոստիկանի վրա։ Մյուս ոստիկանը օդ է կրակել, որը փոքր ինչ հանգստացրել է տղամարդկանց, սակայն այնուհետև նրանք ոստիկաններին սկսել են հարվածել քարերով։ Ոստիկանը ստիպված է եղել կրակել նրանց ոտքերին, ինչի հետևանքով հարձակվողներից հինգը վիրավորվել են։
Կատարվածի մեջ մեղադրվող 13 անձինք ձերբակալվել են։
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները 20-45 տարեկան են, նրանցից ոչ մեկը չի ընդունել մեղքը։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին։