ԱՄՆ-ում կյանքից հեռացել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: Տեղեկությունը հաստատել են նրա հարազատները, լուրը փոխանցում են արտասահմանյան լրատվամիջոցները: Ալին մահացել է Արիզոնա նահանգի հիվանդանոցներից մեկում, ուր տեղափոխվել էր մի քանի օր առաջ: Բռնցքամարտիկը 30 տարուց ավելի պայքարում էր դեռեւս 1984-ին ախտորոշված Պարկինսոնի հիվանդության դեմ: Ալին մահացավ 74 տարեկանում: Նա աշխարհի միակ բռցքամարտիկն էր, ով ծանր քաշային կարգում 3 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Գրեթե 20-ամյա մարզական կարիերայի ընթացքում աշխարհահռչակ ամերիկացի բռցքամարտիկը հաղթել է 56 մարտ, որոնցից 37-ը` ավարտել է նոկաուտով: Առաջին անգամ աշխարհի չեմպիոն է դարձել իր իսկական անունով` Կասիուս Կլեյ` 1964-ին, կոչումները պաշտպանել է 1974-ին և 78-ին: