Հունիսի 4-ին Թբիլիսիում մեկնարկած միջազգային «JamFest» փառատոնը խափանվել է հոգևորականների բողոքների պատճառով:
Արդեն ավանդույթ դարձած միջոցառմանը մասնակցելու նպատակով ժամանել էին մի շարք երկրների` Շվեդիայի, Իսրայելի, Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի հայտնի ռոք խմբերը: «Ոչ բռնությանը» կարգախոսով կազմակերպված միջոցառումը, սակայն, ընդհատվեց ռոքը «կազանտիպ» է մեղադրանքներով:
Իսկ ռոքի ու ալտերնատիվ երաժտության սիրահարները հույս ունեին, որ երաժտական աննախադեպ երեկո է սպասվում: Հայաստանը փառատոնի առաջին օրը ներկայացրեց «Էիֆորիա» խումբը: Միջոցառման կազմակերպիչներից Իրինա Դմիտրևայի խոսքով ` փառատոնի նպատակը բռնության դեմ մարդկանց համախմբելն է.
«Արդեն 4-րդ տարին է` «JamFest»-ը կազմակերպվում է Վրաստանում: Այն ընդգրկում է մեր տարածաշրջանի 3 պետությունները՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: Մենք միավորում ենք ռոքի ու մետալի սիրահարներին: Մեր կարգախոսն է` ոչ բռնությանը: Նշանակում է` այս ամենը տեղի է ունենում լավ կարգախոսի ներքո: Միջոցառման հաղթողը մեկնում է Գերմանիա`մասնակցելու Վագենում հայտնի մետալի փառատոնին: Այնպես է ստացվել, որ վերջին 3 տարիներին հաղթել են Վրաստանի ներկայացուցիչները: Այժմ անհամբերությամբ սպասում ենք, թե ով է այս տարի ներկայացնելու տարածաշրջանը Գերմանիայում: Հույս ունեմ, որ մեր փառատոնի յուրաքանչյուր խումբ կհաղթի: Մեր նպատակն է համախմբել մարդկանց բռնության դեմ»:
Ադրբեջանական «Պայրվիդ» խմբի մենակատար Նիջատը, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում «Ջեմ ֆեստ» փառատոնին, այս անգամ ներկայանում է այլ խմբի կազմում.
«Ես սկսել եմ նվագել հարվածային գործիքների վրա: Ավելի ուշ սկսեցի նաև երաժշտություն գրել: Առաջին 3 ալբոմս բոլոր գործիքների համար է: Այնուհետև ծանոթացա մեր խմբի Ռամինի հետ, շուտով` այս համերգից հետո, լույս կտեսնի մեր համատեղ ալբոմը: Ադրբեջանում ռոքն այնքան էլ զարգացած չէ, իսկ այստեղ յուրաքանչյուր երաժիշտ հնարավորություն ունի դրսևորել իրեն: Ողջունելի է, որ Վրաստանում տեղի են ունենում նման համերգներ. լսել եմ, որ այստեղ հանդես է եկել նաև Սեպուլտուրա խումբը: Սրանք այն խմբերն են, որոնց երաժշտության ներքո ենք մեծացել: Հուսով եմ, որ էլեկտրականությունը կվերականգնվի, և մենք կշարունակեն ծրագիրը»:
Տարածքում հետզհետե թեժանում էր մթնոլորտը: Կրքերը թեժանում էին նաև «կուլիսների» հետևում: Հարևանությամբ գտնվող Զահեսի սրբ. Գիորգի մենաստանի ներկայացուցիչները պահանջում էին դադարեցնել միջոցառումը. Մենաստանի միանձնուհիներից մեկը, դիմելով համերգի մասնակիցներին, ասաց,
«Այս տարածքին շատ մոտ է գտնվում մենաստանը` իր հրաշագործ սրբապատկերներով: Մյուս կողմում գերեզմանատունն է, որտեղ հանգչում են իմ և ձեր հասակակիցները. ես տեսել եմ, թե նրանց մայրերն ինչպես են ողբում այստեղ` զավակների համար: Վիրավորական է, որ այս մենաստանի ու գերեզմանոցի կողքին համերգ է կազմակերպվում»:
Ընդամենը մի քանի երգ էր հնչել, երբ տարածքում անսպասելիորեն մարեց էլեկտրականությունը: Ռոքի սիրահարները համբերատար սպասում էին` հուսալով, որ տեխնիկական խոտան է, որը շուտով կհարթվի: Սակայն, ինչպես նշեց միջոցառման գլխավոր կազմակերպիչներից Էռնստ Խիչումովը, փառատոնն ընդհատեցին հոգևորականները.
«Ցավոք, հոգևորականների մի մասը, ովքեր ավելի ագրեսիվ էին տրամադրված, անհասկանալի պատճառներով պահանջեցին ընդհատել համերգը: Այստեղ են գտնվում մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ, տարբեր երկրներից ժամանած հյուրեր: Խաղաղ համերգ է` «ոչ բռնությանը» կարգախոսով: Նրանք սպառնալով պահանջեցին ընդհատել համերգը: Իսկ պատճառն, ինչպես ասացին, ռոք կազանտիպ է: Նրանց համար կազանտիպը անբարոյականություն է: Պարզ է` թե ինչ էր տեղի ունենում այստեղ. մարդիկ երաժշտություն էին լսում, ամեն ինչ նոր էր սկսվում: Իսկ Ոստիկանությունը զբաղված էր անգործությամբ: Մենք այս տարածքում իրավունք ունենք բռնության դեմ ակցիաներ և միջազգային փառատոններ կազմակերպենք: Իմ կարծիքով` այս մաքսային տերմինալի տնօրինությունը ահաբեկվել է հոգևորականների ու տեղի բնակչության կողմից, արդյունքում անջատելով էլեկտրականությունը»,- Ալիքի հետ զրույցում ասաց ռոք փառատոնի կազմակերպիչը, նշելով նաև, որ մեծ վնասներ են կրել, որի համար փոխհատուցում են պահանջելու:
Ի դեպ, նշենք, որ համերգը տեղի էր ունենում Թբիլիսիի քաղաքապետարանի և Իսրայելի դեսպանատան աջակցությամբ: Հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով ժամանած ուկրաինական «Ջինջեր» խմբի մասնակիցների համար տեղի ունեցածը ուղղակի անընդունելի էր:
«Մեզ համար անհասկանալի իրավիճակ է: Կրոնական ֆանատիկները ուղղակիորեն խթանեցին համերգը` պատճառաբանելով, թե փառատոնը տեղի է ունենում գերեզմանատան մոտ: Սա շատ տարօրինակ է: Ինչպես հասկանում եմ` Վրաստանում եկեղեցու ուժն ավելի զորեղ է, քան օրենքինը: Օրինակ, մենք մի քանի ամիս առաջ ելույթ ունեցանք Ավստրիայում` եկեղեցու տարածքում՝ եկեղեցու աջակցությամբ: Տեղի հոգևորականը ասում էր, որ դեմ չէ մշակույթի զարգացմանը: Իսկ այստեղ մենք ականատես ենք բոլորվին հակառակ պատկերի»,- ասաց խմբի բասկիթառահար Եվգենի Ջինջերը:
Միջոցառման կազմակերպիչները ստիպված են գտնել փառատոնի անցկացման այլընտրանքային տարբերակ: Առայժմ հայտնի չէ, թե երբ և որտեղ կշարունակվի «JamFest» միջազգային փառատոնը: