Թմրանյութերի սիրահարները մեղմ պատիժ են պահանջում

«apsny» պարբերականի փոխանցմամբ`  Վրաստանում հարյուրավոր երիտասարդներ Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել` թեթև թմրամիջոցների օգտագործումն ապաքրեականացնելու պահանջով:

«Մենք հավաքվել ենք` երկրում գործող թմրանյութերի քաղաքականության դեմ մեր բողոքն արտահայտելու:  Մեր գլխավոր  պահանջն այն է, որ թմրամիջոց օգտագործելու համար մարդկանց բանտ չնստեցնեն»,-լրագրողներին ասել է  շարժման ներկայացուցիչներից մեկը:  «Մի նստեցրու» անվամբ ակցիայի մասնակիցները, որոնց թվում 14 հասարակական կազմակերպություններ են, պահանջել են  բոլոր տեսակի թմրանյութերի ձեռք բերման, օգտագործման, ինչպես նաև կանեփի տեսակների աճեցման համար խիստ պատժի մեղմացում, նաև մարիխուանայի լեգալացում:

Նախօրեին նմանօրինակ ակցիաներ են անցկացվել նաև երկրի այլ քաղաքների`  Քութաիսիի, Բաթումիի, Ռուսթավիի քաղաքապետարանների դիմաց: Ավելի վաղ, ընդդիմադիր  «Նոր քաղաքական կենտրոն կուսակցության» պատգամավոր Գոգա Խաչիձեն մարիխուանայի և կանեփի ապաքրեականացման և օգտագործման համար պատիժների մեղմացման  օրեսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել , սակայն պատգամավորները իրենց գործընկերոջ գաղափարին  դեմ էին քվեարկել: Ընթացիկ տարվա մարտին նույն կուսակցության ներկայացուցիչները Վրաստանի Սահմանադրական դատարան հայց էին ներկայացրել`մարիխուանայի համար ազատազրկում նախատեսող օրենքը  հակասահմանադրական ճանաչելու պահանջով:

Ըստ պաշտոնական տվյալների` Վրաստանում ամեն 10  հազար մարդուց 29-ը թմրամոլ է, նրանց շատ փոքր մասն է միայն բուժում անցնում` 11,5%-ը: Թմրամոլությունը երկրում տարածված է հատկապես 25-45 տարեկան տղամարդկանց շրջանում: Ամենատարածվածը մարիխուանա տեսակի թմրանյութն է, որն  օգտագործում է թմրամոլների  ավելի  քան 63%-ը: Ըստ Վրաստանի ՔՕ-ի` մարիխուանա  ձեռք բերելու,  կամ տարածելու  համար նախատեսվում է  մինչև 11 տարվա ազատազրկում, իսկ օգտագործելու համար` մեկ տարվա ազատազրկում և տուգանք:

Թողնել պատասխան