Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրման խորհուրդը որոշմամբ փակվել է Թբիլիսիի Սուրբ Գրիգոլ Պերաձեի անվան ուսումնական համալսրանը:Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակողը: Համալսարանի մոնիթորինգի արդյունքները քննարկվել են խորհրդի փետրվարի 22-ի նիստին: Մոնիթորինգն անցկացվել է հետևյալ չափորոշիչներով՝ նյութական և մարդկային ռեսուրսներ, կրթական ծրագրեր: Արդյունքներին ծանոթանալուց հետո խորհրդի անդամները որոշում են կայացրել դադարեցնել համալսարանի գործունեության թույլտվությունը: Ըստ փորձագետների եզրակացության՝ բուհում ի հայտ են եկել կրթական ծրագրերիստանդարտների, ինչպես նաև նյութական ռեսուրսների օգտագործման մի շարք խախտումներ: Համալսարանի ուսանողներին առաջարկվել է ուսումը շարունակել իրենց ընտրաությամբ ցանկացած այլ բուհում:
Թբիլիսիի Սուրբ Գրիգոլ Պերաձեի անվան համալսարանը Վրաստանի առաջին բուհերից է, որ բացվել է Վրաստանի հանրապետության գլխավոր խորհրդի հրամանով՝ 1991-ին: Համալսարանում գործում էին մոտ 2 տասնյակ մասնագիտություններով ֆակուլտետներ:
Հիշեցնենք՝Մի քանի օր առաջ կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի որոշմամբ դադարեցվել է նաև երկու այլ վրացական բուհի՝ «Հիպոկրատ» բժշկական համասարանի և Թբիլիսիի միջազգային ակադեմիայի գործունեության իրավունքը: Նշված ուսումնական հաստատություններում ևս փորձագետների կողմից արձանագրվել են կրթության որակի և ուսումնական գործընթացի հետ կապված մի շարք խախումներ:
լուսանկարը՝ sputnik-georgia-ից