Ցխինվալիի հիվանդանոցում մահացել է Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլին: Վերջինս նախօրեին ձերբակալվել էր Ախալգորիում՝ «Հարավային Օսիայում ցեղասպանություն իրականացնելու» մեղադրանքով և տեղափոխվել Ցխինվալի՝ հարցաքննության: Տեղի ունեցածի վերաբերյալ Սպուտնիկ-Օսեթիա լրատվականի տեղեկատվությամբ՝ կասկածյալը փաստաբան և թարգմանիչ է պահանջել` հրաժարվելով պատասխանել հարցերին: Մեկուսարան տեղափոխելու ճանապարհին դիմադրություն է ցույց տվել, խլել ուղեկցողի ձեռքի ատրճանակը: Այդ պատճառով նրա նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել: Ձերբակալվածը վնասվածքներ է ստացել ընկել աստիճաններից: Հաղորդվում է նաեւ, որ Տատունաշվիլին ավելի ուշ գիտակցության է եկել, ասել, որ իրեն վատ է զգում, ապա տեղափոխվել է հիվանդանոց, ուր երկու ժամ անց մահացել է: Ըստ նախնական վարկածի՝ մահվան պատճառը սրտային սուր անբավարարությունն է:
Հղվելով Հարավային Օսիայի ազգային անվտանգության կոմիտեի ինչ-որ աշխատակցի հետ զրույցի վրա, պարբերականը գրում է, թե Վրաստանի քաղաքացին կասկածվել է Վրաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ, նրան նախկինում հետեւել են եւ Հարավային Օսիա հերթական այցելության ընթացքում ձերբակալել:
Իր հերթին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը պաշտոնական հայտարարություն է հրապարակել որտեղ ասվում է.
«ՊԱԾ-ի տեղեկություններով, 2018թ-ի փետրվարի 22-ին, օկուպացված Ցխինվալիի ներկայացուցիչները Վրաստանի քաղաքացիներ՝ Արչիլ Տատունաշվիլիին, Լեւան Քուտաշվիլիին եւ Իոսեբ Պավլիաշվիլիին ապօրինի կերպով ձերբակալել են: Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն, Արչիլ Տատունաշվիլին մահացել է փետրվարի 23-ին` օկուպացված Ցխինվալի քաղաքային հիվանդանոցում: Ներկա պահին Պետական անվտանգության ծառայությունը թեժ գծի օգնությամբ դե-ֆակտո իշխանություններից (Ցխինվալիի խմբ.) եւ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից պահանջել է Արչիլ Տատունաշվիլիի մահվան եւ վերը նշված բոլոր անձանց ձերբակալության մասին սպառիչ բացատրություններ»:
Վրաստանի անվտանգության պետական ծառայությունը նաեւ կոչ է արել միջազգային կազմակերպություններին եւ Ժնեւի քննարկումների համանախագահներին արագ եւ սկզբունքային արձագանք տալ:
Պետական անվտանգության ծառայության գնահատմամբ, նաեւ սկզբունքային կարեւորություն ունի, որպեսզի դիակի զննությանը մասնակցեն Վրաստանի` Լեւան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյի փորձագետները:
Հաղորդվում է , որ ավելի ուշ գիտակցության է եկել, ասել, որ իրեն վատ է զգում, ապա տեղափոխվել է հիվանդանոց, ուր երկու ժամ անց մահացել է: Ըստ նախնական վարկածի՝ մահվան պատճառը սրտային սուր անբավարարությունն է:
Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության էջից (www.radiotavisupleba.ge)