Ներքին կադրային փոփոխությունների շրջանակներում Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն Թբիլիսիի դատախազ է նշանակել Մալխազ Կապանաձեին:
Այս մասին հաղորդում է գլխավոր դատախազության պաշտոնական կայքը: Հաղորդագրությունում ասվում է, որ փոփոխություններն ուղղված են գերատեսչության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Միաժամանակ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, հղվելով սեփական աղբյուրներին, ասում է, որ փոփոխությունները կապ ունեն չբացահայտված գործերի հետ: Հիշեցնենք՝ մինչ այժմ Թբիլիսիի դատախազի պաշտոնը զբաղեցնում էր Միխայիլ Շակուլաշվիլին:
Նրա հետ աշխատանքից հեռացվել է նաև տեղակալ Գեորգի Գաբոձեն: Վերջիններս կշարունակեն աշխատել Վրաստանի գլխավոր դատախազությունում՝ այլ պաշտոններում: Մինչ Թբիլիսիի դատախազ նշանակվելը Կապանաձեն Սամցխե-Ջավախքի շրջանային դատախազն էր, այժմ Շոթաձեի հրամանով այս պաշտոնում նշանակվել է Շոթա Ռիժամաձեն:
Աջարիայի նոր դատախազ է նշանակվել Նաթիա Սոնգուլաշվիլին, այս պաշտոնում նա փոխարինել է Լևան Պակսաշվիլիին, ով իր հերթին նշանակվել է Կախեթի շրջանի դատախազ:
Լուսանկարը՝ Վրաստանի գլխավոր դատախազության կայքից