Վրաստանի ազգային գրադարանում տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսն էր` նախաձեռնողն ու կազմակերպիչը Վիրահայերի միությունը:
Մեկօրյա ցուցահանդեսը հեղինակը նվիրել էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան, ներկայացրել տոնին համահունչ գործեր` իր աշխատանքների մի փոքր մասը միայն: Մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ Արմեն Հովհաննիսյանը տիկնիկներ պատրաստելու լուրջ գործը սկսել է 2 տարի առաջ.
«Այն, ինչ չես կարող ասել նկարչությամբ կամ բանաստեղծությամբ, ստեղծագործություններիդ մեջ, կարող ես ասել տիկնիկագործության մեջ, այս տիկնիկների միջոցով ես շատ` իմ չլուծվող հարցերին պատասխան եմ տալիս, քանի որ տիկնիկագործությունը հենց ներառում է արվեստի մի քանի տեսակ` նկարչություն, քանդակագործություն, գեղանկարչություն, շատ հետաքրքիր է այդ ամենի մեկտեղումը»:
Մինչ օրս արդեն 200-ից ավելի տիկնիկ է ստեղծել: Նրանց մի մասը վաճառել է` չնայած դժվարությամբ է համակերպվում այն մտքի հետ, որ պետք է հրաժեշտ տա տիկնիկին: Ասում է` դժվար է վաճառել, երբ տեսնում ես` ինչպես է ծնվում այս կամ այն կերպարը, պատրաստման ընթացքում սկսում ես սիրել նրան, եթե պատվերով է պատրաստում, ապա ընթացքում զգուշացնում է տիկնիկին, որ պետք է վաճառվի, ընդ որում պատվիրատուներ կան` Վրաստանում ու երկրի սահմաններից դուրս. «Մեծ ցավ եմ ապրում, որ վաճառում եմ, եթե վաճառելու համար է, նախօրոք տիկնիկին նախապատրաստում եմ, ասում, որ դու պետք է վաճառվես, այսինքն ինքը գնալու է մի ուրիշ տիրոջ մոտ, որին խնամելու են սիրով և հոգատարությամբ» :
Արմեն Հովհաննիսյանի ստեղծած կերպարները կարդացած գրքերից ու սիրված ֆիլմերից է վերցրել` հայ գրականության, հիմնականում թումանյանական հերոսներն են, վրաց ստեղծագործողների կերպարները, հայկական ֆիլմերի հայտնի դեմքեր են, կան հեղինակի կողմից հորինված կերպարներ, որոնք ստեղծվել են փողոցում քայլելիս, օրինակ` «Մոդայիկ տատիկը»: Ցուցահանդեսում տեղ էին գտել Կարաբալան, Զինվորի հայրը, Կոմիտասը, Ֆրունզիկ Մկրտչյանն ու Գալյա Նովենցը, Փոքրիկ իշխանը, հեքիաթների այլ հերոսներ: Հեղինակն ասում է` բոլոր տիկնիկներին սիրում է յուրովի, կյանք է դնում ու կյանք է տալիս նրանց: Կան գործեր, որ անգին են, օրինակ` Գալյա Նովենցից, Ֆրունզիկից ու Կոմիտասից ոչ մի գնով չի բաժանվի:
Վիրահայերի միության նախագծերի հեղինակ Մարի Առաքելովան ասում է, որ կազմակերպության գործունեության կարևոր մաս են կազմում նմանատիպ ձեռնարկները. Տիկնիկներն առաջիկայում այլ տեղերում ցուցադրելու նպատակ ևս կա. «Մեր ազգայiն գործիչները` կլինեն նկարիչ, մշակութային կամ հասարակական գործիչներ, մեր նպատակն է` իրենց ներկայացնել հանրությանը, որովհետև ճիշտ է, սա առաջին հերթին մեր համայնքային հպարտությունն է, բայց այս մարդիկ նաև Վրաստանի քաղաքացիներ են և ինչու ոչ, նաև Վրաստանի հպարտությունն են, պետք է լայնածավալ լինի նրանց ներկայացումը, բոլորը պետք է տեսնեն` ինչ աշխատանքներ ունենք»:
Արմեն Հովհաննիսյանը կապ է պահպանում նաև Հայաստանի իր գործընկերների հետ, Երևանի պատմության թանգարանում ընթացող` աշխարհի բոլոր հայ ժամանակակից և հին տիկնիկագործների ցուցահանդեսին կմիանա, ապա նաև անհատական ցուցահանդեսով կներկայանա Երևանում: Թբիլիսյան ցուցահանդեսն ուղեկցվեց փոքրիկ պարուհիների համարներով` գեղարվեստական ղեկավար Սվետլանա Երիցյանի գլխավորությամբ: