Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է իր լիտվացի գործընկեր Դալիա Գրիբաուսկայտեին Լիտվայի անկախության 100-ամյակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Տոնական միջոցառմանը մասնակցելու համար Մարգվելաշվիլին նախօրեին մեկնել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս:
Այսօր Վրաստանի նախագահը մասնակցել է նախագահական նստավայրում տեղի ունեցած պետությունների ղեկավարների հանդիպման պաշտոնական արարողությանը: Մարգվելաշվիլին գրառում է կատարել նախագահի պալատի պատվավոր հյուրերի մատյանում: Ոչ պաշտոնական միջավայրում նա խոսել է եվրոպական առաջնորդների հետ, քննարկել Վրաստանի անկախության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումները:
Ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ Մարգվելաշվիլին հրավիրել է իր իսլանդացի գործընկերոջը՝ Գուդնի Յոհանսոնին Վրաստան: Զրույցի ընթացքում կողմերը ցանկություն են հայտնել խորացնել երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են Իսլանդիայի և Վրաստանի միջև ընդհանուր արժեքների և բարեկամության վրա:
Լուսանկարը՝ newsgeorgia.ge-ից