Էրիսիմեդը և ադրբեջանական Իթիլալո գյուղը միմյանցից բաժանում է 10 մետր լայնությամբ Ալազանի գետը: Այս վայրերում գյուղերի միջև սահմանը պայմանական է, սահմանագիծը` հստակեցված չէ: Տեղացիները չեն կարող հետ վերադարձնել նույնիսկ գետի մյուս կողմն անցած նախիրը , քանի որ սահմանապահները կկրակեն: Էրիսիմիդում պնդում են, որ վերջին 25 տարվա ընթացքում մոտ 500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն են կորցրել: Սահմանը անցած խոզի պատճառով է սպանվել 15-ամյա Ահմեդ Իբրահիմ Գաուրգաշվիլին, ով 2010 թվականին մահացել է ադրբեջանցի սահմանապահի կողմից արձակված փամփուշտից` սահմանը հատել փորձելու պատճառով:
Ականատես Էմզար Սուրմանիձեն ասում է, որ Գաուրգաշվիլին խոզի ետեւից գնացիս անցել է ցանկապատը, երբ հակառակ կողմից կրակ են բացել:
«Շատ արյուն կորցրեց»,- ասում է Սուրմանիձեն: «Մարդիկ վառելափայտ էին հավաքում: Ոչ ոք չկարողացավ մոտենալ նրան, փախան գյուղ ու պատմեցին, որ տղայի վրա կրակել են: Լսում էինք` ինչպես էր ջուր խնդրում ցանկապատից 5 մետր հեռավորության վրա պառկած, սակայն ոչ ոք չէր օգնում»:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը միջադեպը այլ կերպ է ներկայացնում: Ասում են, թե երեք վրացի է անցել սահմանը և սահմանապահները նրաց հրամայել են կանգ առնել: Վերջիններս շարունակել են ընթացքը եւ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները խոստովանում են, որ կրակել եւ սպանել են նրանցից մեկին:
Գաուրգաշվիլիի ըտանիքը երեխայի սպանությունից հետո հեռացել է գյուղից` վերադառնալով Պանկիսիի կիրճ: Մայրը ասում է, որ հնարավոր չէ պարզել երեխային սպանողի ինքնությունը:
«Նրանք իմ անմեղ երեխային են սպանել, սակայն ոչ ոք չի ձերբակալվել կամ պատասխանատվություն կրել»,- ասում է Ասմաթ Գաուրգաշվիլին: «Գործով իրականացված հետաքննության զեկույցը ցույց է տալիս, որ իմ երեխային սպանել են Վրաստանի տարածքում և ոչ Ադրբեջանի: Սա հանցագործություն չէ՞: Մեր կառավարությունը ինչու՞ ոչինչ չի անում»:
76-ամյա Թալիկո Մախարաձեն Էրիիմեդիի գլխավոր փողոցներից մեկում է բնակվում: Ասում է` սահմանի խնդրի պատճառով ժողովուրդը հեռանում է գյուղից: Մախարաձեն ասում է, որ իեեն պատկանող հողակտորը պաշտոնապես գրանցել է, սակայն, օրինակ դիմացի հարեւանը չի կարողացել գրանցել:
«Այստեղ մարդիկ ասում են, որ Վրաստանը վերջանում է իրենց դարպասների մոտ»,- ասում է Մախարաձեն:
Սահմանի վերաբերյալ հստակ պատկերացում չունի նաև ադրբեջանական կողը: «Ոչ ոք չգիտի, թե որտեղ է սահմանը»,- ասում են ադրբեջանական Իթիթալա գյուղի բնակիչները, որոնց 2017 թվականի հոկտեմբերին ձերբակալել են վրաց սահմանապահները: «Մեր ընկալմամբ` որտեղ կանգնած են սահմանապահները, այնտեղով էլ անցնում է սահմանը»:
Սովորաբար սահմանը հատելու համար սահմանապահները ձերբակալում եւ մի քանի ժամ պահելուց ու տուգանելուց հետո բաց են թողնում: Պայմանական սահմանին տեղացիները առանց փաստաթղթերի չեն մոտենում: Մախարաձեն ասում է, որ Էրիսիմեդում 80 ընտանիքից միայն 5-ը ունի նման փաստաթուղթ:
«Նախկինում փաստաթղթեր ունեի, սակայն 2015 թվականին վրաց սահմանապահները ձերբակալեցին վառելափայտ հավաքելու ժամանակ և հիմա չեմ կարողանում ստանալ փաստաթղթերը: Տեղի բանկում նոտարի մոտ ենք գնում, ստիպված երկար սպասում ենք եւ ապա ասում են` փաստաթղթեր չունեք ու վերջ»,- ասում է Մախարաձեն:
Մախարաձեն 8 կով է կորցրել այն բանից հետո, երբ արգելել են մոտենալ ցանկապատին (սահմանին): Իթիթալա գյուղում ինգիլոներ են բնակվում (Ինգիլո — Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում բնակվող էթնոկրոնական խումբ, ովքեր խոսում են վրացերեն լեզվի ինգիլոական բարբառով, խմբ.): Այնտեղ, վրացիների համեմատ ավելի շատ մարդիկ ունեն սահմանին մոտենալու թույլտվություն: Իթիթալայի բնակիչներիը հայտարարություն են տալիս տեղի մունիցիպալիտետում, որը թույլտվություն ստանալու համար բնակիչներին ուղարկում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն:
Սեյփուլա Բալաևին վրաց սահմանապահները ձերբակալել են, երբ վերջինս փորձել է հետ վերադարձնել Վրաստանի տարածք անցած նախիրը: «Թույլտվության փաստաթուղթ ունեի: 3 անասուն վրացական կողմն անցավ: Վերադարձան միայն երկուսը: Փորձեցի վերադարձնել երրորդին, սակայն վրաց սահմանապահները հրամայեցին կանգնել, իսկ այնուհետև ձերբակալեցին: Հետո ադրբեջանցի սահմանապահները թույլտվության փաստաթուղթը վերցրեցին»,- ասում է Բալաևը:
Հարևանները ասում են, որ Բալաևը նոր թույլտվություն է ստացել, երբ ինչ-որ մեկը որոշել է, որ անասունին վերադարձնելու ժամանակ նա սահմանը չի հատել և գտնվել է Ադրբեջանի տարածքում:
Իթիթալայի ևս մեկ բնակչի (ով չցանկացավ բացահայտել ինքնությունը) ձերբակալել են, որովհետև սահմանված ժամից 5 րոպե առաջ է մոտեցել սահմանին: «Մի մարդ ինձ իր մոտ կանչեց, որպեսզի օգնեմ կոտրված ճյուղերը հավաքել: Ցավոք ժամը 7:55-ն էր: Ըստ կանոնակարգի, սահմանին մոտենալու թույլտվություն ունեցող անձը սահմանին կարող է մոտենալ առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան 8-ը: Ադրբեջանցի սահմանապահները ձերբակալեցին և տուգանեցին 250 մանաթով: Հիմա չեմ կարողանում տուգանքը վճարել: Ինձ արգելվել է երկրից բացակայել, ուստի չեմ կարողանում Ռուսաստան մեկնել, որպեսզի մի քիչ գումար վաստակեմ»:
80-ամյա Ռամազան Ռաշիդովը ծնվել է Իթիթալա գյուղում: Նրան պատկանող հողակտորը սահմանի մոտ է գտնվում: «Հողամաս գնալիս թույլտվության փաստաթուղթ եմ ներկայացնում ադրբեջանցի սահմանապահներին եւ նույնիսկ այս պարագայում, եթե սահմանին շատ մոտենամ` կձերբակալեն»:
Սահմանների հստակության բացակայությունը սահմանամերձ գյուղերի բնակիչների համար անորոշ վիճակ է ստեղծել` վնաս հասցնելով նրանց սեփականությանը: Էրիսիմեդիի բնակիչ Էմիլիոն Կբորվաշվիլին ասում է, որ 3 կով է կորցրել և չգիտի թե ով է տարել. «Ադրբեջանցի սահմանապահները՞»,- հարցնում է նա: «Որտե՞ղ, ո՞ւմ մոտ պետք է բողոք ներկայացնեմ: Այսպես, լինում է վերադարձնում են, լինում է` ոչ»:
Իթիթալա գյուղի գամգեբելի (շրջանային ժողովի անդամ) Գերման Բալաևը երկու անգամ թշնամաբար դիմավորեց մեզ: «Մեր գյուղը տարեկան 5-6 կով է կորցնում, սակայն գողանալը անհավանական է, քանի որ գողացածը ոչ ոք չի գնի: Եթե նրանց (վրացիների) կովերը մեր կողմն են անցնում, սահմանապահները միշտ հետ են վերադարձնում: Եթե կորում են, երևի, գայլերն են հարձակվում նրանց վրա: Երկու-երեք օր առաջ մեր գյուղում կով հայտնվեց: Վրացական կողմը ասում է, որ դա նրանց չի պատկանում: Մեր ժողովուրդը նույնն է ասում: Չգիտենք ով է կովատերը»,- ասում է գամգեբելին:
Էրիսիմեդիի գամգեբելի Իոսեբ Ցեցխլաձեն խոստովանում է, որ գյուղի բնակիչները չեն կարող իրենց անասուններին սահմանի մոտ տանել. «Երբ վրաց սահմանապահը տեսնում է անասուններին, հաճախ զանգում է գյուղացիներից մեկին, որպեսզի գան ու տիրություն անեն: Որոշ դեպքերում երկու կողմերն էլ ներգրավվում են այս գործընթացում»,- ասում է Ցեցխլաձեն:
Խնդրին ազգային տեսանկյունից մոտենալու դեպքում, նշված երկու գյուղերի հարցը ավելի մասշտաբային քննարկան մաս է: Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անորոշությունը վերաբերում է ոչ միայն Էրիսիմեդիին և Իթիթալային, Դավիթ Գարեջիի` 6-րդ դարի վանական համալիրին եւ դրա հարակից տարածքին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Հիքմեթ Հաջիևի խոսքերով ( թերեւս նկատի ունեն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակին, խմբ), կողմերը ջանքեր կգործադրեն ժողովուրդների միջեւ խնդիրները հոգալու նպատակով: «Ադրբեջանը և Վրաստանը հարևաններ և ընկերներ են: Նման հարցերը պետք է լուծվեն դիվանագիտության ճանապարհով: Գործընթացը դեռևս շարունակվում է»,- հայտարարել է Հաջիևը: Իր հերթին Վրաստանի ԱԳՆ-ն, խնդրի վերաբերյալ«Ifact»-ի հարցումը անպատասխան է թողել:
Հարևան երկրների կառավարությունները տարիներ շարունակ փորձում են հստակեցնել սահմանագիծը: Արտաքին գործերի փոխնախարարներ Սալաֆ Սալաֆովը (Ադրբեջան) և Դավիթ Դոնդուան (Վրաստան) վերջին անգամ հանդիպել են 2017 թվականի ապրիլին:
Էրիսմեդիի բնակիչ Էմզար Սուրմանիձեն ասում է, որ իրենք այլ Վրաստան ունեն` Ազերվրաստան: «Պետք է հստակեցնեն սահմանը: Չենք ուզում հավերժ փամփուշտի վտանգին սպասելով ապրել»: