Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հիշեցնում է Վրաստանի բնակիչներին, որ բժիշկը չպետք է հուշի հիվանդին, թե որ դեղատնից ձեռք բերել դեղորայքը:
Հանրային հեռուստաընկերության եթերում Սերգեենկոն խոսելով բժշկական էթիկայի խնդիրներից՝ անընդունելի է համարել, երբ բժիշկները այցելուին ուղղորդում են կոնկրետ դեղատուն:
«Եթե բժիշկը ձեզ խորհուրդ է տալիս, թե որ դեղատնից ձեռք բերել դեղորայքը, ոչ մի դեպքում մի ընդունեք նրա խորհուրդը։ Անընդունելի է նաև, երբ բժիշկը դուրս է գրում դեղորայքի ավելի մեծ քանակ, քան հիվանդին հարկավոր է իրականում»,- հայտարարել է առողջապահության նախարարը:
Սերգեենկոն նշել է, որ ավելորդ դեղորայք նշանակելը համարվում է շատ մեծ խնդիր եւ էլեկտրոնային դեղատոմսի ներդրումը, որը 2 օր անց պարտադիր կդառնա Թբիլիսում, նախարարությանը թույլ կտա այս գործընթացների լրացուցիչ մոնիտորինգ անցկացնել:
«Իհարկե, մենք չենք կարողանա հետեւել բժիշկների կողմից դուրս գրած բոլոր դեղատոմսերը, քանի որ Վրաստանում տարեկան արձանագրվում է 14 մլն այց հիվանդանոց»,- ասել է Սերգեենկոն:
Էլեկտրոնային դեղատոմսերը ենթադրում են համակարգչային համակարգի կենտրոնացում, որից կարող են օգտվել Վրաստանի ցանկացած բժիշկ եւ բժշկական հաստատություն: