Վրաստանի Գլդանիի թիվ 8 բանտի զուգարանում օրերս հայտնաբերել են բանտարկյալ Նիկոլոզ Չոփիկաշվիլիին՝ պարանոցը կտրած վիճակում։ Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Բանտարկյալի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Նա բուժվում է Ղուդուշաուրիի կլինիկայում:
Նիկոլոզ Չոփիկաշվիլին բանտարկվել է կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով: Չոփիկաշվիլիի իրավունքները պաշտպանում է «Սահմանադրության 42-րդ հոդված» կազմակերպությունը: Հետաքննություն է սկսվել ինքնասպանության փորձի հոդվածով, չնայած փաստաբանը եւ ընտանիքի անդամներն այս տարբերակի հետ համամիտ չեն:
«Քննիչի տեղեկատվությամբ, չի հայտնաբերվել առարկան, որով վնաս է հասցվել։ Ինքնասպանության դեպքում մարդը չէր փորձի թաքցնել այս առարկան, հետևաբար, ինքնասպանության տարբերակը կասկածելի է: Ընտանիքը պահանջում է հետաքննություն անցկացնել, այդ թվում այն տեսանկյունից, թե արդյո՞ք պահպանված էին անվտանգության նորմերը կոնկրետ բանտախցում»,- հայտարարել է Նիկոլոզ Չոփիկաշվիլիի հարազատներից Արչիլ Չոփիկաշվիլին:
Փաստաբանի հայտարարությամբ, ընտանիքը նաեւ դիմել է առողջապահության նախարարությանը, որպեսզի ծայրագեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի կյանքը փրկելու համար արվի ամեն բան: