Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Դրանով ճանաչել ու դատապարտել է 1915-ի Ցեղասպանությունը:
Բանաձևը գրեթե միաձայն է ընդունվել. մեկ պատգամավոր է դեմ քվեարկել, մեկը՝ ձեռնպահ: Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Բանաձևն սկսվում է հետևյալ խոսքերով. «Գերմանիայի խորհրդարանն Օսմանյան կայսրությունում ավելի քան 100 տարի առաջ տեղահանված ու կոտորված հայերի և այլ քրիստոնյա զոհերի հիշատակի առաջ խոնարհվում է»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։
Խորհրդարանի առաջ հավաքված հայերը, հույները, քրդերը, ասորիները ծափահարություններով, ազգային պարերով են ընդունել ճանաչմամ փաստը: Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում էին խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը: Բունդեսթագի նախագահ Նորբեր Լամերտը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկության կապակցությամբ իր ներածական խոսքում հայտարարել էր, որ գերմանացի խորհրդարանականները պատրաստ են քննադատություն ընդունել, բայց թույլ չեն տա իրենց ահաբեկել.
«Մենք թույլ չենք տա մեզ ահաբեկել»,— ասել էր Լամերտը: Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանն ընդառաջ Գերմանիայում բնակվող թուրքերը ժխտողականություն են տարածել և ճնշում գործադրել գերմանացի օրենսդիրների վրա: Մեծ թվով գերմանաբնակ թուրքեր ցույց են կազմակերպել Բեռլինում: Մի խումբ հայեր, քրդեր, ասորիներ ու հույներ ցույց էր են կազմակերպել Բունդեստագի դիմաց՝ պահանջելով գերմանացի իրենսդիրներցից կողմ քվեարկել Հայոց ցեղասպանությսունը ճանաչող բանաձևին: Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005-ին ընդունել է 1915- ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:
Տեղեկատվությունը` panarmenian.net-ի