Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիայի հայտարարությամբ` ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն շատ կարևոր է հետաքննության համար:
Նինո Լոմջարիան լրագրողների հետ զրույցում կարևորել է Մուխթարլիի փաստաբանի հայտարարությունը։ Հիշեցնենք՝ վերջինս ասել էր, որ Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը Մուխթարլիի վերջերս տված հարցազրույցը ևս պետք է կցվի գործին:
Լոմջարիայի փոխանցմամբ, չնայած նրան, որ Վրաստանի դատախազությունը Մուխթարլիին հարցաքննելու խնդրանքով դիմել է ադրբեջանական կողմին, դեռևս արձագանք չկա:
«Իրոք, գտնում եմ, որ Մուխթարլիի անհետացման հետաքննությունը արդյունավետ չէ: Երկար ժամանակ է, որ ոչինչ չենք լսում հետաքննության առաջընթացի մասին»,- հայտարարել է օմբուդսմենը: