Ավելի քան 70 հասարական կազմակերպություն նոր արշավ է սկսել, որը պահանջում է բարեփոխումներ իրականացնել Վրաստանի հանրային հեռուստաընկերությունում:Նախաձեռնողներն են` «Transparency International» Վրաստան, Լրագրողական էթիկայի խարտիան, Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիան, Բաց հասարակություն Վրաստան և այլ կազմակերպություններ: Նրանք բարձրաձայնում են հանրային հեռարձակողի խորը եւ ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին և մի քանի պահանջ են ներկայացնում: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նախ պահանջում են այս հարցի հետ կապված հանդիպում վարչապետի հետ, ինչպես նաև անհրաժեշտ են համարում, որ Խորհրդարանը հրավիրի Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդին և տնօրենին և պարզի՝ որքանով են նրանք կատարում օրենքով նախատեսված պարտականությունները: Պահանջներից մեկը գլխավոր տնօրեն Վասիլ Մագլապերիձեի հրաժարականն է, ով ալիքի ղեկավարի պաշտոնում նշանակվել է նախորդ տարի: Նախաձեռնող խումբը հենց նրան է մեղադրում ոչ թափանցիկ կադրային քաղաքականության, կասկածելի մրցույթներ հայտարարելու, ծրագրային առաջնահերթություններն անտեսելու, իշխանահաճո խմբագրական քաղաքականություն իրականացնելու մեջ: Նրանք նաև գտնում են, որ ալիքում պետք է ոչ պլանային աուդիտ անցկացվի: Գլխավոր պահանջը բարեփոխումներն են, այդ նպատակով նրանք առաջարկում են խորհրդարանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության աշխատանքային խումբ ստեղծել, որը կաշխատի քվոտավորման և հոգաբարձուների խորհրդի ընտրության լավագույն մոդելի վրա:
Պահանջվում է նաև, որ Խորհրդարանը չհաղթահարի նախագահի՝ 2017-ի դեկտեմբերին կիրառած «Հեռարձակման մասին» օրենքի վետոն: Ըստ նախաձեռնողների, այդ փոփոխությունները նվազեցնում են հանրայնությունը և թափանցիկությունը, ավելացնում կոռուպցիոն ռիսկերը, նկատելիորեն վնասում են գովազդային շուկային: Խնդրահարույց փոփոխությունների դեմ հանդես են գալիս նաև մեդիա-կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր երկու շաբաթ առաջ նշված հարցով հանդիպել են խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Խորհրդարական մեծամասնության ներկայացուցիչների կարծիքները հարցի հետ կապված չեն համընկնում: Նախագահի նկատառումներին խորհրդարանը կանդրադառնա հաջորդ նստաշրջանային շաբաթվա ընթացքում: