Մայիսի 31-ի վրաստանյան մամուլի առաջին էջերում Սլովակիայի նախագահի պաշտոնական այցն է Վրաստան:
«Kvira.ge»-ն գրում է, որ Վրաստանի անկախությունից (1991թ.) հետո սա Սլովակիայի նախագահի առաջին այցն է Վրաստան: Նույն լրատվամիջոցը ընթերցողի ուշադրությունը բևեռում է այն հանգամանքի վրա հատկապես, որ Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ այցելել է վրաց-օսական սահմանին գտնվող Խուրվալեթի գյուղ:
Վրաստանի նախագահն իր սլովակ պաշտոնակցին ծանոթացրել է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սլովակիայի նախագահին` Վրաստան այցելելու և պատմական անարդարությունը սեփական աչքով տեսնելու համար: Այնպես, ինչպես Եվրոպայում փլուզվեցին պատեր, այդ թվում Բեռլինյանը, սա ևս կփլուզվի, իսկ մեր քաղաքացիները` էթնիկ վրացի, թե օս, հնարավորություն կստանան բարեկամության ձեռք մեկնել միմիանց», — Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի սահմանում արած հայտարարությունն է փոխանցում «Kvira.ge»-ն:
Վրացական լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Սակայն, «Interpressnews»-ը իր դիտակետում է պահում նաև Զուգդիդիի շրջանի Կորցխելի գյուղի ընտրակատեղամասում վերջերս միջանկյալ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունների ու ընդիմության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումները: Այդ առիթով մեջբերելով վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերը, պարպերականը նշում է, որ երկրի Կառավարության ղեկավարը վստահեցրել է` Կորցխելիի միջադեպը անպատիժ չի մնա. «Ոչ մի վարչապետ իրավունք չունի քաղաքացուն ձերբակալելու հանձնարարական տա: Բարեբախտաբար, Վրաստանում նման դեպքերը անցյալում են մնացել: Այժմ ընթանում է հետաքննություն: Մենք խստորեն դատապատել ենք տեղի ունեցածը», — հայտարարել է Կվիրիկաշվիլին:
«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի կողմից չվերահսկվող` Աբխազիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահ Ռաուլ Խաջիմբայից արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին արձանագրություն է ստացել: Իրավական գործընթացի համաձայն, հարցը պետք է քննարկվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, այնուհետև երեք ամիս անց Աբխազիայում կանկացվի հանրաքվե: Սակայն, Խաջիմբան ըստ օրենքի կարող է արտահերթ ընտրությունների օր նշանակել առանց հանրաքվեի:
«Interpressnews»-ը հայտնում է, որ Վրաստանում 2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական աճը կազմել է 2.8 %: Ընդ որում, Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով տնտեսական աճն միայն ապրիլին կազմել է 4.3 %:
Պարբերականն անդրադառնում է այդ առիթով Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլիի արած հայտարարությանը. փոխվարչապետը վստահեցրել է, որ այսպիսով շարունակվում է տարեսկզբից սկսված այն դրական դինամիկան, որի արդյունքում բարելավվում են մակրոտնտեսական ցուցանիշները: Նախարարի խոսքով` այսօր Վրաստանի տնտեսության զարգացման առաջատար ոլորտներն են հյուրանոցա-ռեստորանային ոլորտը, շինանյութերի, սննդամթերքի և խմիչքի արտադրությունը:
Դիմիտրի Քումսիշվիլին անդրադարձել է նաև գործազրկության մակարդակիև ու ազգային տարադրամի արժեզարկմանը: Նրա խոսքով` ապրիլին լարին իր դիրքերն ամրապնդել է 3,2 %-ով, ինչը բավականին լավ ցուցանիշ է: Քումսիշվիլին դրական է գնահատել նաև գործազրկության 12 տոկոսը: Նախարարը նաև կանխատեսել է` զբոսաշրջության ոլորտի եկամուտը կկազմ 92 մլն դոլար: «Interpressnews»-ի փոխացմամբ` Վրաստանի փոխվարչապետը վստահ է, որ տարեկան կտրվածքով տնտեսական աճը գերազանցելու է 3 տոկոսի շեմը:
Թերթերն անդրադառանում են նաև «Ֆրանսիայի Բորդո քաղաքը 2017-ը հայտարարել է Վրաստանի տարի» ծրագրի շրջանակներում անցկացվելիք տարաբնույթ միջոցառումներին, ընդգծելով երկու երկրների միջև մշակութային կապերի ակտիվացման փաստը:
«news.ge»-ն տեղեկացնում է, որ Ֆրանսիայի Բորդո քաղաքում մայիսի 31-ին տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Ի դեպ, Օլանդն իր աջակցությունն է հայտնել ԵՄ-ի հետ Վրաստանի վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին: Փոխանցելով Վրաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացած տեղեկատվությունը` պարբերականը նշում է, որ հանդիպումը տեղի է ունեցել «Գինու քաղաք» նորարարկան կենտրոնի բացման արարողության ժամանակ:
Իսկ «Գինու քաղաքում» մեծ տեղ է հատկացվելու հատկապես թանգարանին, որտեղ մշտական ցուցահանդեսներից զատ, ամեն ամառ տեղի կունենա «Հրավիրված խաղողի այգի» խորագրով ցուցահանդեսը, կկազմակերպվեն նաև գինիների համտես, գիներգործության վերաբերյալ գիտաժողովներ և մշակութային այլ միջոցառումներ: Բորդոյում կայանալիք` «Հրավիրված խաղողի այգի» ցուցահանդեսների շարքի առաջին մասնակիցը կլինի հենց Վրաստանը:
Թերթը տեղեկացնում է, որ վարչապետը Բորդո քաղաք է այցելել Կառավարության պատվիրարկության հետ, որի կազմում են Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան և փոխնախարար Լևան Դավիթաշվիլին: Հավելենք` Բորդո քաղաքը 2017-ը հայտարարել է Վրաստանի տարի: