Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վրա:
Այս մասին Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է նախագահական նստավայրում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Մարգվելաշվիլին տեղեկացրել է` նախագիծը որոշ փոփոխություններով արդեն հետ է ուղարկել Խորհրդարան և հույս է հայտնել, որ իր խորհուրդները հաշվի կառնվեն:
Օրինագծի համաձայն` դատարանի անդամների կողմից Սահմանադրական դատարանի ղեկավարը կընտրվի 5 տարի ժամկետով: Նույն պայմաններով կընտրվեն նաև նրա երկու տեղակալները: Դատարանի ղեկավարի թեկնածություն առաջադրելու հարցում այլևս մասնակցություն չեն ունենա երկրի նախագահը, խորհրդարանի խոսնակը և գերագույն դատարանի ղեկավարը:
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, անդրադառնալով թեմային, ասել է` «Ամեն ինչ կանեմ, որպեսզի մեծամասնությունը համաձայնի նախագահի կողմից արված դիտողությունների հետ»: Կառավարության ղեկավարը նաև ասել է, որ նախագահի հետ ընդհանուր եզրակացության են եկել` օրենքում փոփոխությունները պետք է լիովին համապատասխանեն Վենետիկի հանձնաժողովի պահանջներին: