Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հեղինակած «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի վայրը երկու անգամ փոխվելուց հետո, այսօր՝ փետրվարի 7-ին, ի վերջո կայացավ։
Գրքի թարգմանությունը, շնորհանդեսը բազմաթիվ քննարկումների, քննադատությունների առարկա էին դարձել վերջին օրերին սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում։
Շնորհանդեսը կազմակերպող կառույցները նախնական պայմանավորվածությունից հետո հրաժարվել էին հյուրընկալել միջոցառումը, ինչը գրքի թարգմանչին թույլ էր տվել ենթադրել, որ արվել է քաղաքական ճնշումների ներքո։
Ի վերջո, Երևանի «Յանկի» փաբում այսօր տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը։
«Ես գիրքը չեմ թարգմանել Սաակաշվիլու համար, ես սա չեմ թարգմանել, որովհետև Սաակաշվիլու անձի նկատմամբ մեծ զգացմունքներ ունեմ։ Ես թարգմանել եմ տեքստ, որը պիտանի է մտածելու և քննադատելու համար։ Ես այստեղ տեսել եմ պետության կառուցման մի պատմություն, որը ներկայացված է Սաակաշվիլու տեսանկյունից, կա նաև հակադիր տեսանկյուն, որոնք ասում են, որ ամեն բան սուտ է։ Ես կարծում եմ, որ քննարկելու, հավատալու և չհավատալու անհրաժեշտություն կա։ Բայց այն փաստը, որ Վրաստանը մեր աչքի առջև ենթարկվել է փոփոխությունների, մեզ պիտի ստիպի մտածել այդ փոփոխությունների խթանման մասին։ Այդ պատճառով էլ ցանկացել եմ, որ լինի այս գիրքն ու քննարկվի»,-գրքի շնորհանդեսի բացման արարողությանն ասաց գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը։
Գրքի շնորհանդեսը սպասվածից էլ մարդաշատ էր։ Միջոցառմանը ներկա էր նաև Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով թեև գիրքը դեռևս չի կարդացել, նոր է գնել, վստահեցրեց, որ կարդալուց հետո անպայման կհայտնի իր կարծիքը, իսկ մինչ այդ, անթույլատրելի է համարում գրքի շուրջ ծավալված զրույցները։
«Մենք չպետք է թույլ տանք, որ երբևէ կրկնվի նման բան, որ որևէ գիրք ունենա որևէ խնդիր Հայաստանի Հանրապետությունում։ Էական չէ, թե գիրքն ինչի մասին է, ՀՀ-ում չպիտի լինի գրաքննություն, չպետք է արգելվի որևէ գրքի շնորհանդես»,-ասաց Գորգիսյանը։
Գրքի շնորհանդեսին ներկա, Հայաստանում հայտնի քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանն էլ ասաց, որ եկել է սոլիդարության համար։
«Այստեղ ոչ թե Սաակաշվիլիի կյանքն է հետաքրքրում, այլ այն, որ ուսումնասիրության ենթակա աշխատություն է։ Ի՞նչ է նշանակում 21-րդ դարում գրքի շնորհանդեսը չեղարկելու նպատակով ճնշումներ իրականացնել։ Ցանկացած գրքի թարգմանություն չպետք է արգելել, եթե, իհարկե, այն չի պարունակում ագրեսիվության, ատելության խոսք»,- ասաց Սանասարյանը։
Նշենք, որ ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գիրքը այս պահին թարգմանված է չորս լեզուներով, որոնցից մեկը հայերենն է։
Գիրքը պատմում է նախկին նախագահի և նահանգապետի քաղաքական փորձառության մասին, ներկայացնում ներքին և միջազգային քաղաքականության ուշագրավ մանրամասներ, ընդգրկում Վրաստանի համար բեկումնային հանդիսացած հեղափոխության, պատերազմի, բարեփոխումների, հանցավորության դեմ պայքարի և այլ գործընթացների մասին պատմություններ։
Գրքի թարգմանության շնորհանդեսի շուրջ ստեղվծած աղմուկին մի քանի անգամ արձագանքել էր նաև անձամբ Սաակաշվիլին։ Վերջին անգամ նա գրել էր․ «Կարծում էի` Ուկրաինայում է խորը քաղաքական ճահիճ, սակայն Հայաստանում խնդիրները էլ ավելի խորն են»։